factor.am: Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք շարունակում ենք մեր մարդկանց տուն բերել։ Եվս 95 պաշտպան ազատ է արձակվել ռուսական գերությունից»,- սոցցանցերում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ազատ են արձակվել Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի զինվորականները և սահմանապահները։ Փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ ՌԴ ՊՆ-ն ևս հայտնել է փոխանակման մասին՝ 95-95 բանաձևով։
Նախորդ փոխանակման ժամանակ, որը տեղի էր ունեցել հունիսին և դարձյալ կազմակերպվել էր ԱՄԷ-ի աջակցությամբ, Ռուսաստանը և Ուկրաինան վերադարձրել էին 90-ական ռազմագերիների։ Ուկրաինացի զինվորականների գերությունից վերադարձի համակարգող շտաբը պարզաբանել է, որ սա 54-րդ փոխանակումն է պատերազմի սկզբից ի վեր։
Ուկրաինա է վերադարձվել 3405 մարդ։ Նրանց թվում, ովքեր այժմ փոխանակվել են, կան 23 Մարիուպոլի պաշտպաններ, այդ թվում՝ «Ազովստալի» 13 պաշտպաններ:
comment.count (0)