«Բոլորը սպասում են՝ հակամարտությունը լուծվի իրենց ուզածով»․ Տոյվո Կլաար
 |jam-news.net|
13:46 - 05 օգոստոսի, 2024

«Բոլորը սպասում են՝ հակամարտությունը լուծվի իրենց ուզածով»․ Տոյվո Կլաար |jam-news.net|

jam-news.net: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումները՝ ելնելով տարածաշրջանում իր տասնամյա աշխատանքի փորձից:

Կլաարն իր ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի նոյեմբերից, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 1-ին կանցնի նոր աշխատանքի՝ որպես Ուզբեկստանում ԵՄ դեսպան:

Հայաստան-Ադրբեջան զարգացումների մասին

● Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մի քանի տարիների զարգացումները։

Պատկերը տարբեր է եղել։ Եղել են առավել բարվոք պահեր, և ես հուսով եմ, որ այժմ նույնպես այդպիսի իրավիճակ է, սակայն միևնույն ժամանակ ականատես ենք եղել նաև բազմաթիվ բռնությունների՝ անմեղ զոհերով:

2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ:

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:

Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ:

Ակտիվացել է երկոխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ ենք վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը:

Հույս ունեմ, որ քաղաքական կամքի և բոլոր կողմերի շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերի մասին

● Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ միջնորդական ջանքերը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում, մասնավորապես այսպես կոչված «Բրյուսելյան գործընթացը»:

2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն ուներ: Մեր՝ իմ խնդիրը ավելի շատ աջակցելն էր հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին:

2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով սկսեց ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին հասավ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով:

Կարծում եմ, որ այս հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրեցին անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի ՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ:

2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ:

Բաքու և Երևան կատարած իմ այցելությունների և առավել լայն` տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, կարծում եմ՝ ԵՄ-ն օգնեց ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացան արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարներին ուղղորդել հետագա բանակցությունների համար:

Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:

ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:

Վերջապես, թեև վերջերս մենք ավելի շատ երկկողմ հանդիպումներ ենք տեսել, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

Հայաստան-Ադրբեջան հնարավոր խաղաղության պայմանագրի մասին

● Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն:

Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը:

Մենք ոգևորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով:

Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է:

Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար:

Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ:

● Իսկ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո։

Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:

Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով:

Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև:

Տեղահանված արցախահայերի մասին

● Ո՞րն է Ձեր վերջնական մոտեցումը այժմ Հայաստանում գտնվող տեղահանված արցախայերի մասին, որոնցից շատերը դեռ հույս ունեն մի օր վերադառնալ տուն։

Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:

ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:

Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:

Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:

Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:

Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը:

Ազատազրկվածների և անհայտ կորածների մասին

● Կարո՞ղ եք մանրամասնել մարդասիրական հարցերի կարևորությունը կայուն խաղաղության համար մինչ այս պահը:

Ինձ համար հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը վերաբերում է մարդկանց և, հետևաբար, մարդասիրական հարցերին: Սակայն, եթե նկատի ունեք գերիների և անհայտ կորածների կոնկրետ հարցը, ապա դրանք, իհարկե, նույնպես առանցքային տարրեր են:

ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ փորձառություններից մեկը 2021 թվականի վերջին Ադրբեջանի գերությունից տասը հայ զինվորների ազատ արձակումն էր: Ես հպարտ էի, որ ԵՄ-ն կարողացավ օգնել այդ ժամանակ և որ ես անձամբ կարողացա ուղեկցել այդ նախկին գերիներին, երբ նրանք 2021 թվականի դեկտեմբերի 19-ին Բաքվից հայրենադարձվեցին Երևան:

Ես խորապես համոզված եմ, որ բոլոր գերիների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունը անհայտ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման ջանքերի հարցում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամության ու բռնության էջը վերջնականապես փակելու համար:

Եվ ինձ անձամբ տխրեցնում է այն, որ մենք դեռ իսկապես չենք կարողանում առաջընթաց գրանցել այդ հարցերում: Վստահ եմ, որ սա կմնա առանցքային խնդիր իմ աշխատանքը շարունակող հաջորդ պաշտոնյայի համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել