azatutyun.am: Երևանին ձեռնտու է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարությունում ԱՊՀ հարցերով առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանն՝ ընդգծելով՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ «ներդրումներ» և «պայծառ ապագա» խոստացող ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով։
«ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության ոլորտի փորձագետ դա տեսնելու համար։ Միությունը ձեռնտու է Երևանին, մեծապես դրա շնորհիվ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են արձանագրում, որով քչերը կարող են պարծենալ», - ասել է դիվանագետը՝ նշելով, թե «Հայաստանը արևմուտքի երկրների ծուղակում է հայտնվել»։
2023-ի նոյեմբերին Երևանում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը՝ շեշտելով՝ այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ավելի վաղ նկատել է․ - «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
comment.count (0)