factor.am: Հայաստանը հուսով է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի դրույթներն առաջիկա չորս շաբաթների ընթացքում։ Այս մասին Reuters-ին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Լրատվամիջոցը նշում է, այս քայլը կարող է թուլացնել լարվածությունը հակամարտությամբ լի Հարավային Կովկասում, նույնիսկ երբ Բաքուն ազդանշան է տվել, որ գործընթացը փակուղում է։ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Երևանը հուսով է՝ Ադրբեջանը կստորագրի հոդվածներից 16-ը մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: «Եթե միայն մենք լինեինք, մենք այն կստորագրեինք հենց հիմա, այսօր։ Բայց մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում։
Reuters-ն հիշեցնում է, որ Խաչատուրյանի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, միաժամանակ, ընդգծում, որ նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշնակիցն է։ Նա նաև հավելել է, որ մի քանի այլ հոդվածներ դեռևս բանակցությունների փուլում են Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
ՀՀ նախագահը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ կարգավորման հարցով քննարկումները լավ են ընթանում, դիտարկվում է երկու երկրների միջև սահմանը բացելու հարցը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։
comment.count (0)