factor.am: Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները։ Ադրբջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակցին այս մասին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի վերջին մեղադրանքները ԱՄՆ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի հասցեին։
«Մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ ուղղված է COP29-ը հաջողությամբ անցկացնելուն և կլիմայի ու էներգետիկայի ընդհանուր նպատակներին հասնելուն։ Սա օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին աշխատելով։ ԱՄՆ-ը նաև հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար»,- ասել է Պետքարտուղարւթյան ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։
Նա ԱՄՆ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ էր հնչեցրել, որոնք այնուհետև կրկնել էր Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում։
Բացի այդ, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։
comment.count (0)