tert.am: Ադրբեջանը, չնայած հակառակ պնդումներին, խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. այս մասին Newsweek-ի համար իր հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը:
Նա հիշեցրել է, որ ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը ստիպել է 120,000 էթնիկ հայերի հեռանալ Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով դրա վաղեմի ինքնակառավարումը և ջնջելով Հայաստանի պատմական տարածքներում հայկականության բոլոր հետքերը:
«Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր մեկ տարի առաջ ձերբակալված քաղբանտարկյալներին՝ ինքնավար շրջանի նախկին ղեկավարությանը»,- նշել է Օսկանյանը:
Վերջինս ընդգծել է, որ ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է: Նա կոչ է արել աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս շտկի իր պահվածքը: Այս համատեքստում Օսկանյանը լավ հնարավորություն է համարում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովը:
«Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյան, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայան, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ միջազգային իրավունքի համաձայն ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներն են: Արդյո՞ք համաշխարհային տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հետ, ինչպես հիմա ասում է Ադրբեջանը։ Իհարկե ո՛չ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, ովքեր խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովուրդների ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական գործընթացի օրինականությանը»,- նշել է Օսկանյանը:
Ըստ նախկին ԱԳ նախարարի՝ որևէ փաստարկ չկա նրա վերաբերյալ, որ աշխարհը պետք է թույլ տա Ադրբեջանին պատասխան չտալ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար:
«Թույլ տալ Ադրբեջանին հյուրընկալել COP29-ը՝ առանց նրա ռեպրեսիվ գործողություններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա: Իսկ COP-29-ը, իսկապես, լծակների հազվագյուտ հնարավորություն է տալիս:
Համաշխարհային հանրությունը, հատկապես այնպիսի պետական դերակատարներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանավորել է։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատվիրակություններ, եթե այդ պահանջը մերժվի»,- հավելել է Օսկանյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)