Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան․ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
10:21 - 25 հոկտեմբերի, 2024

Կամո Ցուցուլյանը պաշտոնական այց է կատարել Վրաստան․ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը hոկտեմբերի 22-ից 24-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխերի բաժնի օպերատիվ հերթափոխի պետ Գարրի Արմաղանյանը։

Կամո Ցուցուլյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության (JICA) տարածաշրջանային ղեկավար Վակուի Ջունջիի և Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլիի հետ։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տարածաշրջանային ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված ծրագրերը։

Քննարկվել են նաև համագործակցության երեք նոր ուղիներ, մասնավորապես՝ ռադիոկապի արդիականացման, Երևան քաղաքի համար փրկարարական տեխնիկայի ձեռք բերման և խոշոր աղետներին արձագանքելու նպատակով ծանր ինժեներական տեխնիկայի ձեռք բերման վերաբերյալ։ Վակուի Ջունջին նշել է, որ գործակալությունը շահագրգիռ է շարունակել համագործակցությունը, և առաջարկվող ծրագրերը կներկայացվեն գործակալության ղեկավարությանն ու Ճապոնիայի կառավարությանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ գործակալության ռազմավարության առանցքային նպատակը աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացումն է: Վակուի Ջունջին հատուկ կարևորել է այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացումը և առաջարկել ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով նաև փորձագետների վերապատրաստման և փոխանակման ծրագրեր։

Նա, մասնավորապես, նշել է Ճապոնիայում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հնարավորության մասին՝ որպես արդյունավետ մեխանիզմ նոր հմտություններ ձեռք բերելու և միջազգային փորձառություն փոխանակելու համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները նոր ծրագրերի քննարկման վերաբերյալ:

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տնօրեն Թեմուր Մղեբրիշվիլլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև փորձի փոխանակման և համատեղ գործողությունների կազմակերպման հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2025 թվականին Հայաստանում անցկացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի չափորոշիչներով համատեղ դաշտային ուսումնավարժանք, որը կուժեղացնի երկու երկրների համագործակցությունը արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքման ոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել