armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել, որ համագործակցելու են Եվրոպայում խաղաղություն ապահովելու շուրջ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթին։
Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը։ Կողմերը պայմանավորվել են «միասին աշխատել խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու ուղղությամբ»։
Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Գերմանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների և առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների շուրջ։
Հեբեշտրայթի խոսքով՝ Շոլցը նաև «ընդգծել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու երկու երկրների կառավարությունների միջև երկար տարիների հաջող համագործակցությունը»:
Սա նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրա առաջին հեռախոսազրույցն էր Օլաֆ Շոլցի հետ։
Նոյեմբերի 10-ին կայացած հեռախոսազրույցից հետո Շոլցը հյուրընկալվել է ARD հանրային հեռարձակողի եթերում և խոսել Թրամփի հետ ապագա համագործակցության հեռանկարների մասին։
«Իմ սկզբունքը միշտ հետևյալն է, եթե կարելի է դա ասել պարզ բառերով, դու պարում ես այն մարդկանց հետ, ովքեր սենյակում են։ Դա նաև վերաբերում է ԱՄՆ ապագա նախագահին», - ասել է նա։
Նոյեմբերի 10-ին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի թեման քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
comment.count (0)