armenpress.am: Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա տեղի ունեցած հարձակումների ժամանակ ամերիկացի զինծառայողները չեն տուժել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ի պատասխան հարձակումների՝ հարվածներ են հասցվել Սիրիայում մի քանի թիրախի։
«Այդ հարձակումների հետևանքով ոչ մի վիրավոր ամերիկացի չկա», - ասել է Ռայդերը։
Նրա խոսքով՝ երկու հարձակումները Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմակայանի վրա տեղի են ունեցել նոյեմբերի 10-ին:
«Առաջին դեպքում կիրառվել է անօդաչու թռչող սարք, երկրորդ դեպքում իրականացվել է անուղղակի կրակ՝ երկու հրթիռով», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ամերիկյան հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները զինծառայողների պաշտպանության, ինչպես նաև նման միջադեպերի կանխման համար։
Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նոյեմբերի 13-ին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին հարվածներ են հասցվել Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորման զինապահեստին և նյութատեխնիկական ապահովման շտաբին՝ ի պատասխան երկրի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումների: X սոցիալական ցանցում տարածված հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան Էշ Շադդադիում ամերիկյան պարեկային ռազմակայանում ամերիկացի անձնակազմի վրա հրթիռների արձակման։
Նոյեմբերի 12-ին ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ ի պատասխան Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա իրականացված մի քանի հարձակումների՝ ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների հետ կապված 9 օբյեկտի։
Պատրիկ Ռայդերը ճեպազրույցի ընթացքում նաև հայտնել է, որ Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցման ժամանակ Եմենի հութիները անօդաչուներով, հականավային բալիստիկ հրթիռներով և թևավոր հրթիռներով հարվածել են ամերիկյան հրթիռային կործանիչ նավերին։ Նա նշել է, որ բոլոր թիրախները խոցվել են, նավերը և անձնակազմը չեն տուժել։
comment.count (0)