Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում
19:14 - 13 հունվարի, 2025

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. սպասվում է Բլինքենի հետ հանդիպում

Հունվարի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
 
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նախորդ՝ 2024 թվականին նշանավորվեցին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, և ուրվագծվեց հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն:
 
Նիստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր. «Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը»:
 
Տարվա ընթացքում ՀՀ-ԱՄՆ փոխգործակցությունն ակտիվ է եղել տարբեր մակարդակներում և հարթակներում՝ ներառյալ նախարար Միրզոյանի և պետքարտուղար Բլինքենի երկկողմ հանդիպումների ձևաչափով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել