Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին
 |1lurer.am|
14:39 - 20 հունվարի, 2025

Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր խմբակցությունից եղել է արձագանք այդ թեմայով: Ռուստամ Բաքոյանը մեր խմբակցության անդամ չէ՞, մեր թիմի անդամն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը բարձր մակարդակով հայտարարություններ չարեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ: 

Հարցին՝ արդյոք Բաքոյանն արտահայտե՞լ է ՔՊ խմբակցության դիրքորոշումը, պատասխանեց. «Մենք նմանատիպ քննարկում ու որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ մեկը տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի այս հայտարարության հետ»:

Դիտարկմանը, թե Բաքոյանը ներգրավված չէ ո՛չ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում, ո՛չ բանակցություններում, ասաց՝ այդ թեմայով չպետք է խոսեին վարչապետը, ԱԳ նախարարը կամ փոխվարչապետը, այլ պետք է խոսեին այն մարդիկ, որոնք ներգրավված չեն բանակցություններում:

«Այստեղ դիվանագիտական նյուանս կա, հարգելի ընկերներ: Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին վերադարձնելու մասին, մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, և հավելյալ հանրայնությունը այս գործընթացին միայն խանգարելու է:

Հիմա եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, ու դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնությունը, հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է, և վստահեցնում եմ, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ Բաքվում հայ գերիների լուսանկարների տեսարանն իր մեջ՝ որպես իշխանության անդամ, որևէ մեղքի զգացողություն չի՞ առաջացրել, Ալեքսանյանն արձագանքեց. «Չեմ հասկանում այդ հարցի իմաստը: Ես չեմ հասկանում այդ մեղքի զգացողության մասին հարցը: Ասենք՝ այս հարցը ընդդիմությանը տվե՞լ եք»:

Նրա խոսքով՝ այդ հրապարակված կադրերը տեսնելը շատ մեծ ցավ էր. «Բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ, շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա: Ես շատ կուզենայի, որ ամեն ինչ ընթանար այնպես, ինչպես արդեն ասացի»:

Նրա խոսքով՝ Կառավարության լռությունը առհասարակ գերիների վերադարձի հետ կապված պայմանավորված է նրանով, որ պրոցեսի լավագույն շահից է բխում հնարավորինս քիչ հանրայնացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել