ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավարած 22 նահանգ երեքշաբթի դատական հայց է ներկայացրել՝ փորձելով կասեցնել նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անօրինական ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:
Նահանգների հայցը, որին միացել են Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանները, առաջին իրավական քայլերից է, որն ուղղված է այս երկուշաբթի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփի ստորագրած գործադիր հրամանների դեմ:
ԱՄՆ Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիություն երկրում ծնված անձանց: Ամերիկյան դատարանները սահմանափակ բացառություններ են արել, օրինակ, օտարերկրյա դիվանագետների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաների պարագայում՝ արգելելով նրանց շնորհել ամերիկյան քաղաքացիություն:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների Սահմանադրության փոփոխությունը չի կարող իրականացվել միակողմանիորեն, այլ պահանջում է Կոնգրեսի մեծամասնության կամ մեծաքանակ նահանգների օրենսդրական նախաձեռնություն:
Սակայն Թրամփը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում բնակվող և փաստաթուղթ չունեցող 11 միլիոնից ավելի ներգաղթյալների դեմ իր արշավի շրջանակներում, ստորագրել է գործադիր հրաման՝ պահանջելով դադարեցնել քաղաքացիության տրամադրումը անօրինական ներգաղթյալների երեխաներին:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ԱՄՆ նախագահի հրամանը դաշնային պաշտոնյաներին պարտադրում է այս փետրվարի 19-ից չճանաչել այն երեխաների քաղաքացիությունը, ովքեր այդ օրվանից հետո ծնվել են ԱՄՆ-ում անօրինական կամ ժամանակավոր կարգավիճակով (օրինակ՝ վիզայով) գտնվող մայրերից, և որոնց հայրերը ԱՄՆ քաղաքացիներ չեն կամ չունեն մշտական բնակության իրավունք:
Փաստորեն, Թրամփի նոր վարչակազմը արագ քայլեր է ձեռնարկում նման ներգաղթյալներին իրենց երկրներ վերադարձնելու ուղղությամբ, անգամ եթե նրանք տարիներ շարունակ ապրել են ԱՄՆ-ում, վճարել հարկեր և ինտեգրվել ամերիկյան հասարակությանը: Դոնալդ Թրամփի խոսքով՝ նախևառաջ թիրախավորելու են քրեական անցյալ ունեցող անօրինական ներգաղթյալներին:
Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթյու Փլատկինի հայտարարությունում կարդում ենք. «Նահանգների գլխավոր դատախազները նախապատրաստվել են այնպիսի անօրինական գործողությունների, ինչպիսին է [Թրամփի՝ ԱՄՆ-ում ծնվածներին քաղաքացիություն չտրամադրելու մասին հրամանագիրը], և այսօրվա անհապաղ դատական հայցը հստակ ուղերձ է Թրամփի վարչակազմին, որ մենք տեր ենք կանգնելու մեր բնակիչներին և նրանց հիմնական սահմանադրական իրավունքներին»։
Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել հայցերը, որոնք ներկայացվել են Բոստոնում (Մասաչուսեթս) և Կոնկորդում (Նյու Հեմփշիր): Չորս նահանգ առանձին հայց է ներկայացրել Վաշինգտոնում։
Դեմոկրատների գլխավորած նահանգներն ու փաստաբանական խմբերն վիճարկել են Թրամփի երկու այլ գործադիր հրամաններ։ Մեկի համաձայն՝ ստեղծվել է Կառավարության արդյունավետության նախարարությունը (DOGE)՝ ոչ կառավարական խորհրդատվական խումբ, որը վերահսկելու է միլիարդատեր, Թրամփի կողմնակից Իլոն Մասկը։ Մյուսը նվազեցրել է դաշնային պետական աշխատողների իրավունքները, ինչի հետևանքով դյուրացել է նրանց աշխատանքից ազատելը։
Մասաչուսեթսի գլխավոր դատախազ Անդրեա Ջոյ Քեմփբելը հայտարարել է, որ եթե Թրամփի՝ ԱՄՆ-ում ծնվածներին քաղաքացիություն չտրամադրելու մասին հրամանագիրը ուժի մեջ մնա, կնշանակի, որ Միացյալ Նահանգներում տարեկան ծնվող ավելի քան 150 հազար երեխա զրկված կլինի քաղաքացիությունից։
«Նախագահ Թրամփը իրավասու չէ խլել սահմանադրական իրավունքները», - նշել է նա իր հայտարարության մեջ։
Հայցվորներից մեկը, ով հանդես է եկել Օ. Դո անվամբ, Մասաչուսեթսում բնակվող մի կին է, ով երկրում գտնվում է ժամանակավոր օրինական կարգավիճակով և սպասում է ծննդաբերությանը՝ մարտին։
Ներգաղթի ժամանակավոր, պաշտպանված կարգավիճակը հասանելի է այն մարդկանց, ում հայրենիքում տեղի են ունեցել բնական աղետներ, զինված հակամարտություններ կամ այլ արտառոց իրադարձություններ։ Այդպիսի կարգավիճակ ունի ավելի քան 1 միլիոն մարդ 17 երկրներից։
ԱՄՆ-ում գործող և ծննդյան իրավունքով քաղաքացիություն շնորհելու մասին իրավական դրույթը ամրագրված է երկրի Սահմնադարության 14-րդ ուղղմամբ, որը վավերացվել է 1868 թվականին՝ քաղաքացիական պատերազմից հետո: Ըստ այդ դրույթի՝ «բոլոր անձինք, ովքեր ծնվել կամ հպատակագրվել (նատուրալիզացվել) են Միացյալ Նահանգներում և ենթակա են նրա իրավասությանը, Միացյալ Նահանգների և այն նահագնի քաղաքացիներ են, որտեղ բնակվում են»։
Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Փլատկինը երեքշաբթի հայտարարել է. «Նախագահները կարող են լայն իշխանություն ունենալ, բայց նրանք թագավորներ չեն։ Նախագահը չի կարող գրչի մի հարվածով ջնջել 14-րդ ուղղումը»։
comment.count (0)