Այսօր՝ հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վրացի գործընկերոջ միջև: Այնուհետև երկու նախարարները հանդես են եկել մամուլիս ասուլիսով:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ այն կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի:
«Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության համար, կայուն խաղաղության հասնելու համար»,- հավելել է նա:
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին:
«Անշուշտ, երբ խոսում ենք անվտանգության մարտահրավերների մասին այս տարածաշրջանում մենք պետք է նշենք այն մարտահրավերները, որ գալիս են Ռուսաստանի կողմից, որը բռնակցել է, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ, և պետք է նշեմ այն մարտահրավերները, որ առաջ են գալիս այդ իրավիճակով պայմանավորված՝ դրանք լինեն հումանիտար, տնտեսական խնդիրներ, թե սոցիալական ծանր պայմաններ: Սա շարունակում է ծանր խնդիր մնալ Վրաստանի համար»,- նշել է նա:
Ապա նա ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը հաստատապես աջակցում են, հարգում են միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և շարունակաբար այդպես կանեն ապագայում և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում:
comment.count (0)