Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իրավազորությունից չի հրաժարվել. Փաշինյան |armenpress.am|
15:50 - 31 հունվարի, 2025

Հայաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր որևէ տարածքի նկատմամբ իրավազորությունից չի հրաժարվել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ ներքաղաքական շրջանակներում և Ռուսաստանից ու Ադրբեջանից հնչող պնդումներին այն մասին, թե եթե Հայաստանը չկատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, դա կարող է հանգեցնել պատերազմի։

Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ամբողջական փաստաթուղթ է, որի մի շարք դրույթներ չեն իրագործվել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության ներկայությունը, ինչպես նաև Լաչինի միջանցքի պահպանումը։

Փաշինյանը անդրադարձավ այն պնդումներին, թե Հայաստանը համաձայնել է, որ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը պետք է ապահովի որևէ երրորդ ուժ։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նման բան չկա գրված։ Կա հակառակը. գրված է, որ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև հերքեց այն պնդումները, թե Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում պետք է տեղի ունենա։

«Նման բան չկա գրված։ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ փաստաթղթով, որևէ ձևով մասամբ կամ ամբողջությամբ իր որևէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանությունից և իրավազորությունից ոչ միայն չի հրաժարվել, այլև որևէ կերպ չի համաձայնվել իր իրավազորության սահմանափակմանը։ Այնտեղ կա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ուժերի մասին, բայց ոչ մի տեղ գրված չի, որ այդ ուժերը պետք է գետնի վրա ներկա լինեն։ Եվ ավելին, տասնյակ անգամ ասել եմ դրա մասին, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի հրամանագիրը անդրադարձել է այդ թեմային, որտեղ էլի հստակ արձանագրված է, որ սուբյեկտը, որը գործողություններ է անում գետնի վրա, դա Հայաստանի Հանրապետությունն է»,- եզրափակեց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել