azatutyun.am: «Մի քանի մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրների հետ պատերազմելու բավարար և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այսօր կրկին մեղադրել է Հայաստանին սպառազինություններ ձեռք բերելու մեջ: Երեկ էլ արտգործնախարար Բայրամովն էր կրկին դժգոհել Հայաստանի զինվելուց ու Սահմանադրությունից:
Ըստ ԱԺ նախագահի՝ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Նա հիշեցրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից:
Սիմոնյանը նշեց, որ միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման հետ. «Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների փորձերի առնվազն: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Մի օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր հրապարակած հոդվածում հակադարձել է Բաքվի մեղադրանքներին, հայտարարելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:
Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հերքել է վարչապետի հայտարարությունները, որ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում:
comment.count (0)