Սպիտակ տունը հայտարարել է, որ ՌԴ-ն ազատ է արձակել ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ֆոգելին |factor.am|
09:45 - 12 փետրվարի, 2025

Սպիտակ տունը հայտարարել է, որ ՌԴ-ն ազատ է արձակել ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ֆոգելին |factor.am|

factor.am: Ռուսական կողմն ազատ է արձակել ՌԴ-ում դատապարտված Մոսկվայում ամերիկյան դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին:

Ուոլցի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը «պայմանավորվել է փոխանակման շուրջ, որը ցույց է տալիս Ռուսաստանի դրական տրամադրվածությունը և նշան է այն բանի, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար»:

Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ Մոսկվա է ժամանել անձնական ինքնաթիռով, որով նա այնուհետեւ Ֆոգելին դուրս է բերել Ռուսաստանից: Ընդ որում, պարբերականը նշում է, որ տեղեկություններ չկան այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցները որևէ մեկին ազատել են Ֆոգելի դիմաց: Ֆոգելը ուսուցիչ է, իսկ ավելի վաղ եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից։ Մինչև 2021 թվականի մայիսը, ինչպես նրա կինը, դիվանագիտական կարգավիճակ է ունեցել։

Մայք Ֆոգելը ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում՝ 2021 թվականի օգոստոսի 15-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի ձեռքբերման, պահպանման, փոխադրման, արտադրության, վերամշակման համար: Խիմկիի քաղաքային դատարանը 2022 թվականին դատապարտել է Ֆոգելին 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ թմրանյութերի մաքսանենգության համար։

Դատարանում հայտարարել են, որ Ֆոգելն ամբողջությամբ ընդունել է մեղքը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել