Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները
17:12 - 13 փետրվարի, 2025

Գևորգ Պապոյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները

Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, որի հիմքում դրված է նորարարությունը, կայունությունն ու մատչելիությունը համաշխարհային շուկաների համար:
 
«Ներկայում մենք քայլեր ենք ձեռնարկում արտահանման դիվերսիֆիկացման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ, և այս համատեքստում մենք կարևորում ենք ԱՄՆ-ի նման գործընկերների անգնահատելի դերը այս նպատակներին հասնելու համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացմանը, հանքարդյունաբերությանը, դեղագործությանը, գյուղատնտեսությանն ու պարենային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Ընդգծելով հայկական կողմի հետաքրքրվածությունը ամերիկյան շուկայով և կարևորելով այդտեղ հայկական գինիների ճանաչելիության բարձրացումն ու առաջմղումը՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել ամերիկացի լրագրողների և ինֆլուենսերների այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան։
 
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ գործարար միջավայրին և տնտեսության ոլորտում առկա ներդրումային լայն հնարավորություններին։
 
Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել են տնտեսության տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել