factor.am: Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ Ուկրաինայի ու եվրոպական անվտանգության վերաբերյալ երկրորդ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ հանդիպումների նախաձեռնողն էր, հայտարարել է մասնակիցների դիրքորոշումների հստակության ու միասնության մասին։
«Եվս մեկ անգամ երկար զրույց եմ ունեցել Եվրամիության, ինչպես նաև Կանադայի, Իսլանդիայի ու Նորվեգիայի մի քանի գործընկերների հետ։ Ֆրանսիան ու նրա գործընկերները հստակ և միասնական դիրքորոշում ունեն։ Մենք ձգտում ենք երկարատև և ամուր խաղաղություն Ուկրաինայում։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին և ստանձնելու ենք Եվրոպայում խաղաղության ու անվտանգության ապահովման ամբողջ պատասխանատվությունը։ Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։
Նա ընդգծել է, որ կիսում են նպատակը, որը նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինն է՝ վերջ դնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, որը շարունակվում է արդեն գրեթե երեք տարի։ Մակրոնը հավելել է, որ խաղաղության հասնելու ջանքերը կշարունակվեն մի շարք սկզբունքների համաձայն, որոնք բխում են իրենց իսկ շահերից։
«Ուկրաինան միշտ պետք է ներառվի, և նրա իրավունքները պետք է հարգվեն; խաղաղությունը պետք է լինի տևական և ուղեկցվի ամուր և վստահելի երաշխիքներով; պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության մտահոգությունները։ Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է մեծացնել մեր պաշտպանության և անվտանգության ծախսերն ու կարողությունները՝ Եվրոպայի և մեր յուրաքանչյուր երկրի համար: Որոշումները կկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
comment.count (0)