Խաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետ
 |azatutyun.am|
20:52 - 26 փետրվարի, 2025

Խաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը դեռ մնում են, այսօր խորհրդարանում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանը երեկ ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը:

Վարչապետն այսօր նշեց՝ դա խաղաղության պայմանագրի12-րդ խմբագրությունն է. «Այնտեղ Ադրբեջանի արձագանքն է մեր նախորդ արձագանքների, առաջարկների վրա, որը հիմա մենք վերլուծում ենք, որ պատասխան առաջարկներ ձևակերպենք»:

Հարցին, թե Ադրբեջանն ընդունե՞լ է Երևանի արած առաջարկները երկու չհամաձայնեցված կետերի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը, այսինքն՝ քանի դեռ քննարկումը գնում է, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ»:

Վարչապետը, սակայն, ուղիղ չասաց՝ Բաքուն դրանք ընդունել է, մերժել, թե ոչ: Նա, այդուհանդերձ, տեղեկացրեց, որ այս պահին չի հաջողվել համաձայնության գալ օտարերկրյա դիտորդներին հեռացնելու վերաբերյալ կետի շուրջ. Երևանն առաջարկել էր դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

Մի քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը 17-կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված միանգամայն այլ երկու դրույթ էր նշել, թե դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Երևանից հերքեցին, որ դրանք պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերն են:

«Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխանան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին», - այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի նախագահը բազմիցս պահանջել է, անգամ՝ սպառնացել, Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացել դեպի Նախիջևան։ Նաև հայտարարել է՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։

Վարչապետը, շարունակելով ներկայացնել հայկական կողմի տեսակետը երկաթուղիների վերաբերյալ, նկատեց, որ Ադրբեջանը Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանի արևմտյան շրջանների կամ Նախիջևանի միջև, և այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ. «Մենք ասում ենք՝ նույն պայմանները Իրանի կողմից առաջարկվող մենք նույնպես առաջարկում ենք և պատրաստ ենք էլ պարզեցումների գնալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել