armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, երբ կողմերը հետ կքաշեն միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը, նաև կպարտավորվեն ապագայում ևս հանդես չգալ միմյանց դեմ հայցերով այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրումը:
Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իբր օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա՝ Միրզոյանն ասաց. «Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը»:
Նախարարը հավելեց՝ կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ ադրբեջանական կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնաս է հասցվել:
«Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնում ապագայում ևս հանդես չգալ միմյանց նկատմամբ հայցերով ՝այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը: Բոլոր այն վեճերով, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ կողմերը պետք է գնան հաշտեցման»,–ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, իսկ ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)