hy.armradio.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի եվրասիական մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպմանը քննարկել է ռուս-ամերիկյան երկխոսության հարցերը և ուկրաինական կարգավորման հարցը, հայտնում է ռուսական դիվանագիտական գործակալության կայքը։
«Քննարկման ընթացքում արծարծվել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, այդ թվում՝ ռուս-ամերիկյան երկխոսության և ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրները»,- ասվում է գերատեսչության կայքում։
Ինչպես նշել են գերատեսչությունում, Լավրովը հիմնարար գնահատականներ է տվել Եվրասիայի տարբեր հատվածներում անվտանգության իրավիճակին։
«Նա նշել է Եվրատլանտյան անվտանգության հայեցակարգի ճգնաժամը, ուշադրություն հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա՝ ուղղված Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող ռիսկերին»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել մայրցամաքի բոլոր պետությունների և նրանց ասոցիացիաների մասնակցությամբ Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջադրված նախաձեռնության իրականացմանն առնչվող հարցերի շուրջ, հայտնում է գերատեսչությունը։
«Քննարկման ընթացքում ընդգծվել է եվրասիական տարածքում կայունության ապահովման, անվտանգության անբաժանելիության սկզբունքի գործնական կիրառման և եվրասիական խնդիրների լուծման համար եվրասիական պետությունների առաջնային պատասխանատվության ապահովման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
comment.count (0)