armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս ամիս հստակություն կլինի Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում։
Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը ՀՀ համար ռազմավարական կարևոր տարածքում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։
«Ավանդական խնդիրները հաշվի առնելով, որոնք լուծում են ՌԴ հյուպատոսարաններն արտերկրում, տվյալ քայլը կարող է էական լիցք հաղորդել առևտրաներդրումային, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցությանը, այդ տարածքի և Ռուսաստանի երկրամասերի միջեւ փոխշահավետ կապերի կարգավորմանը, տնտեսական օրակարգի առաջմղմանը մեր երկրների միջև։ Սյունիքը ձեռք է բերում կարեւոր նշանակություն նաեւ ԵԱՏՄ ֆորմատում` պայմանավորված Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրով»,- նշել է Զախարովան։
2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում հյուպատոսություն բացելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի առաջարկին։ 2024 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այդ հարցը Հայաստանի հետ սկզբունքորեն համաձայնեցված է՝ շեշտելով, որ սպասում են հայկական կողմի վերջնական հաստատմանը։
comment.count (0)