2022-2024 թվականներին Մասիսի համայնքապետարանը 26 պայմանագիր է կնքել ավագանու անդամների պատկանող կամ նրանց փոխկապակցված ընկերությունների հետ։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 413 մլն դրամ։
2023 թվականի ապրիլի 19-ին Մասիսի համայնքապետարանը 6 չափաբաժնով բաց մրցույթ է հայտարարարել համայնքի տարբեր բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքներ կատարելու համար։ Չափաբաժիններից մեկով՝ Սայաթ-Նովա և Հայանիստ բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման աշխատանքների իրականացման համար 384 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Էրգիր» բաց բաժնետիրական ընկերության հետ։ Թեև ընկերությունը մասնակցել է ևս մեկ չափաբաժնի մրցույթի, սակայն հաղթել է միայն այս մեկում՝ առաջարկելով մրցակից երեք ընկերություններից ցածր գին։
«Էրգիր» ԲԲԸ-ի 78%-ի բաժնետերը Մասիսում կառավարող՝ ավագանու «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Կարեն Արամայիսյանի հայրն է՝ Գագիկ Արամայիսյանը, մնացյալ բաժնեմասն էլ պատկանում է ավագանու անդամի եղբորը՝ Վահե Արամայիսյանին։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է։
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում նշված կենսագրական տվյալների և Կարեն Արամայիսյանի հայտարարագրի տվյալների համաձայն՝ վերջինս աշխատում է «Էրգիր» ԲԲԸ-ում, ընդ որում՝ հենց պայմանագրի կնքման տարում Արամայիսյանն ընկերությունից եկամուտ է ստացել։ 2023 թվականին, օրինակ՝ որպես աշխատանքի վարձատրություն այս ընկերությունից ստացել է 728 հազար դրամ։ Արամայիսյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հրաժարվեց պատասխանել, թե ինչ աշխատանք է կատարում այդ ընկերությունում և մեկնաբանություն տալ կատարված գնման մասին։
Կարեն Արամայիսյանը նաև իր սեփական ընկերությունն ունի, որը ևս պայմանագրեր է կնքում համայնքապետարանի հետ։
2018 թվականին Արամայիսյան եղբայրները հիմնադրել են «Բլուր Շին» ընկերությունը, որի սեփականատերը և տնօրենն ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն է։ Ընկերությունը մատուցում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման և նախագծերի փորձաքննության ծառայություններ։ 2022-2024 թվականների ընթացքում Մասիսի համայնքապետարանը «Բլուր Շին» ընկերության հետ կնքել է 10 պայմանագիր՝ ընդհանուր շուրջ 1 մլն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընկերությունը համայնքապետարանին մատուցել է տեխնիկական հսկողության ծառայություններ։
Ընդ որում՝ Արամայիսյանը չի հայտարարագրել իր մասնակցությունն այս ընկերությունում։ Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։
Բացի համայնքապետի թիմակիցներից համայնքապետարանը գնումներ է կատարել նաև Մասիսում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նախկին անդամ Վահե Անտոնյանի «Վէգաս» ընկերությունից։ Նրա հիմնադրած ընկերության հետ համայնքապետարանը կնքել է 15 պայմանագիր, որոնցից 9-ը՝ Անտոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունը դադարեցնելուց՝ 2023 թվականի նոյեմբերից հետո։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գրեթե 28 մլն դրամ է։ Ընկերությունը համայնքային մանկապարտեզների մեծ մասին կես-կես տարի ժամկետով մատակարարել է հաց։
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը այս ընթացակարգերում շահերի բախում չի տեսնում։ Համբարձումյանը, մեջբերելով Գնումների մասին օրենքը, նշում է, որ հաղթողին ընտրող հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, ինչն էլ և արել են։
Գնումների մասին օրենքի կարգավորումների մասով խնդիր չկա, սակայն, Հանրային ծառայության մասին օրենքն ասում է, որ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա: Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։ Այս պարագայում համայնքապետ Դավիթ Համբարձումյանը և ավագանու անդամ Կարեն Արամայիսյանն ունեն քաղաքական հարաբերություն, քանի որ ավագանու նույն՝ «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցությունից են։
Նույն օրենքը նաև սահմանում է, որ եթե վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Սակայն Համբարձումյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով շահերի բախման մասին հայտարարություն չի ներկայացրել։
«Շահերի բախման առկայության պարագայում մենք կձեռնարկեինք օրենսդրությամբ սահմանված միջոցները»,- մեր հարցման ի պատասխան ասել է Համբարձումյանը։
«Ինֆոքոմի» մի շարք այլ համանման հրապարակման հիման վրա, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։
Այսպիսով, Մասիսի համայնքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքել ավագանու անդամին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հետ, իսկ համայնքապետ Դավիթ Համբարձումյանն այստեղ շահերի բախման վտանգ չի տեսել և օրենքով սահմանված կարգով չի տեղեկացրել Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովին։
Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
comment.count (0)