1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել ավելի քան 200 մարդու ներում շնորհելու մասին՝ հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Անկախության օրվա նախօրեին, որը երկրում նշվում է մայիսի 28-ին։
Ներման համար հիմք են հանդիսացել հենց դատապարտյալների, նրանց հարազատների և մարդու իրավունքների հանձնակատարի դիմումները: Հաշվի են առնվել նաև կատարված հանցագործությունների ծանրության աստիճանը, կալանավորների վարքագիծը, առողջական վիճակը և ընտանեկան հանգամանքները:
Փաստաթղթի համաձայն՝ պատժի ժամկետը չավարտված ազատ է արձակվել 175 մարդ, ևս 25 դատապարտյալի պատիժը կիսով չափ կրճատվել է։ Ներման արժանացածների ցուցակում 16 օտարերկրյա քաղաքացի կա, այդ թվում՝ 5-ը Իրանի քաղաքացի է, 2-ը՝ Պակիստանի և Վրաստանի, 1-ական՝ Թուրքիայի, Ֆրանսիայի և Աֆղանստանի, իսկ 4-ը՝ Ռուսաստանի քաղաքացի:
Ներման արժանացածների թվում է նաև Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Թեգո Հյուգոն, որը նախկինում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ Բաքվի մետրոյի ենթակառուցվածքին վնաս հասցնելու համար։
comment.count (0)