ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան
 |shantnews.am|
13:41 - 18 հունիսի, 2025

ԱԺ-ում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ. Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետով Կառավարության անդամներին տրվել է հանձնարարական ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին.

«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է.

«Բայց ես տվել էի հանձնարարական, որ 1 ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այս ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ, որովհետև Կառավարության անդամները սկսել էին աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձներ տվել էին, որ հստակ հաշվարկում ենք՝ ժողովրդին ինչ վնաս եք հասցրել, ոչ միայն ժողովրդին, այլև պետական և մասնավոր կազմակերպություններին, որովհետև որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, մարդիկ համատարած իմ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են՝ հոսանքն անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնարան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է: Ո՞վ է պատասխանը տալու»,- ասել է Փաշինյանը՝ հիշելով, որ Լոռու մարզ իր այցի ժամանակ որտեղ մտել է, լույսերն անջատվել են:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ազգայնացմանը, ապա, ըստ Փաշինյանի, այս հարցով ամենաարագ և արդյունավետ գործելու տեղն Ազգային ժողովն է, և որ այժմ մասնագետներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում են ՀԷՑ-ն ազգայնացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ բերելու հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել