ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը փետրվարի 5-ին Ազգային ժողովում այցելել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:
Ինչպես տեղեկացրին ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրին, նշել է, որ վերջին անգամ հանդիպել են, երբ դեռ նախարար եղած ժամանակ նոր էր վերադարձել Մերձավոր Արևելք՝ Սիրիա և Լիբանան կատարած այցից: Մխիթար Հայրապետյանը Աննա-Կարին Օստին է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումների ընթացքը՝ ժողովրդավարության կայացման գործընթացների լույսի ներքո: Հատուկ անդրադարձ է կատարվել «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծին, որն ակնկալվում է դնել շրջանառության հաջորդ` աշնանային նստաշրջանին:
Աննա-Կարին Օստը ներկայացրել է իրենց գրասենյակի կողմից կատարված աշխատանքը, մասնավորապես, կրթության և երիտասարդության ոլորտներում: Քննարկվել են սիրիահայերին առնչվող, ինչպես նաև հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
comment.count (0)