Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Անի Սամսոնյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ նախատեսվում է Պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն, որը թույլ կտա խորհրդի անդամներին, առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները՝ կապի ժամանակակից միջոցներով կոմունիկացվելով միմյանց հետ եւ իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերի վերաբերյալ կայացնել որոշումներ:
Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց. խոսքը վերաբերում է Պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննության գրավոր ընթացակարգին:
Նախատեսվում է նաեւ Պալատի արդյունավետ գործունեությանն ուղղված եւս մեկ ընթացակարգային նորմ՝ կապված կառույցի կարգապահական որոշումների բողոքարկման ժամկետի հաշվարկման կարգի հետ:
Հեղինակն առաջարկում է այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում Պալատի որոշումը հանձնել հասցեատեր փաստաբանին, որոշման բողոքարկման ժամկետը հաշվարկել որոշումը Պալատի պաշտոնական ինտենետային կայքում հրապարակելու պահից:
Նախագծով լրացվում է նաեւ օրենսդրական բացը կապված Խորհրդի այլ՝ ոչ կարգապահական գործերով կայացրած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հետ: Մասնավորապես, օրենքով սահմանված չէ նշված որոշումների բողոքարկման ժամկետը: Առաջարկվում է, որ նման որոշումները շահագրգիռ անձի կողմից կարող են դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում:
Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրել է Կառավարության գրավոր, իսկ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ բանավոր առաջարկներ:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվելու պայմանով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Քննարկվել եւ մինչեւ 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է հանձնաժողովի՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը:
comment.count (0)