Թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է․ Մանե Թանդիլյան
12:30 - 03 հունիսի, 2020

Թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է․ Մանե Թանդիլյան

Նախ, թույլ տվեք արձանագրել, որ  կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն  ձախողել է։ Այլ բառով դա նկարագրել չի լինի։ Ինչո՞ւ, որովհետև ցանկացած միջոցառում պետք էր անել պատեհաժամ, ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, որ  անգամ մեկ օր ուշացումը կարող է լինել ճակատագրական և այդպես էլ եղավ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Այն միջացռումները, որոնց մասին խոսում է կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, վարչապետը  պետք էր անել ավելի վաղ, ճիշտ ժամանակին, ճիշտ ձևաչափերով։ Հետևաբար, կորոնավիրուսի նկատմամաբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, իսկ  հիմա ուզում եմ ասել, որ այդ վերաբերմունքը կառավարությունից է եկել և տարածվել հասարակության մեջ։ Ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները ավելի խոհեմ կլինեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է։ Այս պահին արդեն, մենք  պետք է դիմենք ժողովդրին, այո՛, միգուցե դիմակ կրելը հարմար չէ, ամեն պահի ձեռքերը  ախտահանել և նման բոլոր միջոցառումները, միգուցե դրանք ամբողջովին չեն ապահովում, բայց առնվազն նվազեցնում են վարակվելու հավանականությունը։ Եթե մենք դրանք էլ չանենք ավելի սարսափելի պատկեր կունենանք։ Հետևաբար, մեր սիրելի քաղաքացիները իսկապես պետք է իմանան, որ խոսքը հենց իրենց, հենց իրենց երեխայի, ծնողի մասին է և ավելի լուրջ վերաբերվեն, քան կառավարությունը։ Հիմա ես տեսնում եմ կառավարության անհանգստությունը,  բայց չեմ կարող արդարացնել ժամանակին դա չանելու համար»,- հավելեց Թանդիլյանը։ 

Անդրադառնալով վարչապետի կողմից իրականացվող «ֆլեշմոբին»  և այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը, պատասխանատու մարմինները չպետք է հետևեր այդ կուտակումներին, միջոցառումներին ՝ Թանդիլյանը պատասխանեց․

«Երբ կա կարգադրություն, ապա դրա կիրառման, կատարման համար պատասխանատու է կառավարությունը։ Այո՛, հեշտ չէ, իսկ ով է ասել, որ հեշտ էր լինելու, ով էր ասել, որ հայտարարություն անեն, բոլորը անմիջապես ամեն ինչ անելու է։  Դա բնական է, ամեն ինչ չպետք է գցել քաղաքացիների վրա։ Այո, պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը, տարբեր մեթոդներով։  Այս պահին պատասխանատվությունը միայն քաղաքացիների վրա թողնելը անկարելի է և սեփական անկարողության ցուցադրում է։ Այս պարագայում, ով որոշում է կայացրել  պետք է ապահովի դրա կատարումը ։ Խոսվում է կարի ֆաբրիկայի մասին, ես հարց եմ բարձրացնում, տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում։ Հետաքրքրվո՞ւմ են այդ հարցերով, թե՞ միայն պարտադրելով է, որ պահեք հեռավորությունը։ Այլ հարց է պահպանել են, թե ոչ, բայց երբ մենք միջոցներ ենք պարտադրում, մենք տեղյա՞կ ենք, թե արդյոք հնարավո՞ր է դրա կիրառությունը, թե՞ ոչ և այդ կիրառումն ապահովելու մեխանիզմներ ունե՞նք, թե՞ ոչ։ Սա է խնդիրը , և ես տեսնում եմ այստեղ կառավարության անկարողությունը»։

Հարցին, թե արյդո՞ք անվստահության մթնոլորտ կա կառավարության և առողջապահության նախարարության նկատմամբ պատգամավորը ընդգծեց, որ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարի  նկատմամբ։  

«Ես ցավով եմ դա ասում, բայց վստահությունը մեկ անգամ, երբ խաթարում ես շատ դժվար է լինում վերականգնել։ Այն վերաբերմունքը, որ նա ուներ վիրուսի նկատմամբ շատ քաղաքացիներ այլևս չեն կարողանում հաղթահարել և լուրջ ընդունել նրա հայտարարությունները։   Ոչ ոք չէր սպասում, որ արտակարգ դրություն կլինի , բայց այստեղ առաջ է գալիս կառավարության ունակությունն ու կարողությունը։ Ժողովուրդը ականատես է լինում, որ  ծանր վիճակում, արտակարգ դրության պայմաններում կառավարությունը ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին և աստիճանաբար այդ պատասխանատվությունը օտարում է իրենից։ Պետք է մի կողմ դնել ամբարտավանությունը և հետևել միջազգային փորձին»,- հավելեց Թանդիլյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել