armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող եւ տուժող կողմերը առարկեցին պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու վերաբերյալ միջնորդությունների դեմ։
Նման միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին եւ եւս մի քանի հոգու։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ներկայացնելով առարկությունը, ասաց, որ միջնորդություն ներկայացնելով՝ պաշտպանները չեն պարզաբանել, թե ինչպիսի կոնկրետ հանգամանքների բացահայտման համար է այն անհրաժեշտ, ավելին, քրեական գործի այս՝ նախապատրաստական փուլում, դատարանը, դեռ որեւէ ապացույց հետազոտված չլինելով, չի կարող գործի փաստական հանգամանքների բացահայտման ուղղությամբ որեւէ կանխակալ դրսեւորում կիրառել եւ որոշել՝ կա՞ն արդյոք գործով այնպիսի տվյալներ, որոնք լրացուցիչ բացահայտման անհրաժեշտություն են պահանջում․ «Հետեւաբար միջնորդությունը, որ ներկայացվում է, այս փուլում բավարարվել չի կարող, եւ մենք գտնում ենք, որ դատարանը դրանք պետք է թողնի առանց քննության ոչ ժամանակին հարուցված լինելու հիմքով»,- ասաց նա:
Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միացավ Պետրոսյանի դիրքորոշմանը՝ միաժամանակ ասելով․ «Դատավարական առումով սույն դատարանում դեռեւս պատկերացում չենք կազմել, թե հանգամանքները, որոնք հաստատելու կամ հերքելու համար պաշտպանության կողմը ցանկանում է, որ այդ անձինք հրավիրվեն դատարան, ինչ արժեք ունեն մեղադրանքի համար, ինչ ծավալով պիտի հաստատվեն կամ արդյոք գործում առկա ապացույցները բավարար չեն այդ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը փաստելու համար»:
Բաղդասարյանը նշեց, որ Հայկ Ալումյանի միջնորդությունը ենթակա է հետաձգման, իսկ Կարեն Մեժլումյանինը՝ մերժման․ «Մեժլումյանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանով փորձ է արվում հարցաքննել անձանց՝ նրանցից ակնկալելով իրավամեկնաբանության հարցեր, նման ընթացակարգ չի կարող լինել»,- ասաց նա:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)