“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։
Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։
Հայարփի Օհանյանը, ընդունելով Վահագն Վադումյանի՝ «Հայաստանի «զբոսաշրջային ուտոպիան» [Challenge 3.4]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է զբոսաշրջության թեման։
Հոդվածում տեղ գտած քննադատական մտքերը նպատակ ունեն ոչ թե նսեմացնելու տուրիզմի՝ կովիդից առաջ գոյություն ունեցող ձևերն ու բնույթը, այլ, հաշվի առնելով անհերքելիորեն փոփոխվող աշխարհի նորացվող և դեռևս շատերիս անհայտ պահանջները, ինչպեսև վաղ թե ուշ կայուն զարգացմանն անցնելու անխուսափելիության իրողությունը, միտված են նոր ձևեր ու ձևաչափեր փնտրելուն: Աշխարհը, կարծում եմ, այլևս երբեք նույնը չի լինելու, տուրիզմը՝ նույնպես: Ուրեմն, ժամանակի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է այն դիտարկել անաչառ կողմնակի դիտորդի տեսանկյունից, վերլուծաբար հետ նայել՝ անցյալի «արկղային» սահմանափակող մտակաղապարները դեն նետելու համար:
2018թ. Հոլանդիայում ես և ամուսինս մասնակցում էինք Spotted by Locals տուրիստական հավելվածի բլոգերների, այսպես ասած, ուիքէնդին՝ որպես հավելվածի Երևան քաղաքի բաժնի բլոգերներ: Ծրագրել էինք հավաքի ավարտից հետո գնացքով մեկնել Գերմանիա, որտեղ երկու շաբաթից ավել ազատ ժամանակ էինք ունենալու: Հոլանդիայից մեկնելու օրը մի ֆրանսիացի, որը սեփական մեքենայով էր եկել Հոլանդիա և չէր ցանկանում միայնակ վերադառնալ, մեզ առաջարկեց իր հետ մեկնել Փարիզ ու մի գիշեր անցկացնելուց հետո նոր գնալ մեր նախատեսած ուղղությամբ: «70 եվրոյով կարող եք Փարիզի կենտրոնից ոչ հեռու Իբիս հյուրանոցում մի գիշեր մնալ»,- ասաց ֆրանսիացին: Մենք սկսեցինք մտածել այս հնարավորության մասին. մի ճամփորդության ընթացքում կլինեինք 3 երկրում, և ավելին, կտեսնեինք «սիրահարների մայրաքաղաք» Փարիզը: Իհարկե թարմ սիրահարների համար սա չափազանց գայթակղիչ առաջարկ էր, բայց միայն մի քանի րոպե մնացինք գաղթակղության տիրույթում: Միանգամից հիշեցինք մեր բոլոր զրույցներն այսպես ասած «արագ տուրիզմի» կամ «սպառողական տուրիզմի» մասին, որտեղ միշտ քննադատել ենք իրար հետևից երկրները «սպառող» ժամանակակից տուրիստներին: Մոտավորապես պատկերացրինք, թե ինչ վազք է մեզ սպասում և մերժեցինք մեր ճամփորդությունների ցանկում ևս մի երկիր ավելացնող առաջարկը՝ մտքի ծայրով անգամ չանցկացնելով, որ թեկուզ միայն հանուն ինստագրամյան նկարների՝ արժեր: Որովհետև մի օրով մեգապոլիս կամ որևէ երկիր այցելությունը նման է նրան, որ հայտնվես հյուսիսափայլի մոտ, բայց հորիզոնը կամ երկինքը չտեսած՝ հետ դառնաս:
Ժամանակակից տուրիստների մեծամասնությունը, իհարկե, այդպես էլ չի տեսնում «հյուսիսափայլը»: Նրանք ժամանում են մի երկիր, աշխատանքային պարտականության նման արագ-արագ այցելում must-see տեսարժան վայրերը, որպեսզի հասցնեն այցելել հաջորդ երկիրը: Որպես սպառողական հասարակության մեջ ծնված և ձևավորված անհատներ՝ զբոսաշրջիկները դրսևորում են նույն սպառողական վարքն անգամ հուշարձան, սրբավայր այցելելիս: Միջին զբոսաշրջիկի նպատակն է տեսնել հնարավորինս շատ հուշարձաններ ու տեսարժան վայրեր՝ անկախ ստացած ինֆորմացիան ընկալելու, մարսելու կարողությունից (լինի տեսողական, թե լսողական, նույնիսկ՝ զգայական): Մեկը մյուսի հետևից սպառելով հուշարձանները, նա զրկում է իրեն ամենաթանկից՝ երկար սպասված հանգիստը վայելելուց, որը պիտի ենթադրեր մի վայրում երկար մնալը, երկրի համն առնելն ու զգալ «այստեղ և հիմա»-ի հմայքը։ Փոխարենը նրանք, ինչպես սև ուրբաթի փակվող սուպերմարկետից մի բան ավել թռցնող հաճախորդներ, ընտրում են «էլ ի՞նչ մնաց ստանալու էս ճամփորդությունիցը»:
Արագ ճամփորդելով՝ արագացնում ենք առանց այդ էլ շատ արագացած կյանքը: Միշտ զարմանքով եմ նայել 10 օրում 3 երկիր այցելող տուրիստներին, որոնք, մինչև Հայաստան ժամանելն արդեն Ադրբեջանն ու Վրաստանը մի լավ «սպառած» են լինում ու ծայրաստիճան հոգնած։ Հայաստանում մեքենայի մեջ եղած ժամանակը նրանք հիմնականում քնած են անցկացնում՝ բաց թողնելով իրար հաջորդող ու այդքան արագ փոփոխվող գեղանկարչական լանդշաֆտները, որոնց այսպիսի փոքր տարածքում այդօրինակ բազմազանությունը շատ քիչ երկրներում կարելի է տեսնել: Ամեն անգամ նայում եմ քնած տուրիստներին ու անկեղծ կարեկցում: Ինչպե՞ս կարելի է ողջ տարին խնայած գումարը ծախսել, տուրիստական փաթեթ գնել և արձակուրդն անցկացնել պարտականության վերածվող “to see” ցանկով: Սա շատ նման է առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությանը նաև այն բանով, որ ստանդարտ տուրիստների մեծ մասը ժամանակի զգալի հատվածը վատ կազմված կամ սեփական կամքով ընտրված փաթեթների պատճառով անցկացնում է տրանսպորտի մեջ՝ ինչպես աշխատանքի գնացող մեգապոլիսների բնակիչները:
Մի անգամ Հնդկաստանից զբոսաշրջիկներ ունեի, որոնք Վրաստանից գնացքով ժամանեցին Հայաստան: Նրանք ունեին ընդամենը 5 օր՝ այսպես կոչված Անդրկովկասի 3 երկրները տեսնելու համար: Վերջին օրը բաժին էր հասել Հայաստանին: Ժամանելով գիշերային գնացքով՝ նրանք ըստ ծրագրի պիտի նախաճաշեին ու Էջմիածին-Երևան սիթի տուր «անեին»՝ ընթացքում նաև հյուրանոցում չեք-ին լինելով: Թբիլիսի-Երևան գնացքի անհարմարությունը, անքուն գիշերը, հապճեպ ճամփորդության «կողմնակի հետեւանքներն» արդեն հնդիկ ամուսիններին ուժասպառ էին արել: Այդպիսի պայմաններում ընդամենը մեկ օր անցկացնելով Հայաստանում՝ նրանք դժգոհ ու նեղացած հեռացան: Նեղացած, որովհետև, չնայած իրենց հոգնած ու կիսաքուն վիճակին, նրանք այնուամենայնիվ, բավականաչափ ճամփորդած լինելով, գիտեին, որ մայրաքաղաքներն ունենում են պատմական հատված՝ «օլդ թաուն»: Բնականաբար իրենց խոնարհ ծառա զբոսավարը, այսինքն՝ ես, չկարողացավ բավարարել «օլդ թաուն»-ը տեսնելու նրանց պահանջը: Լավագույն դեպքում Կոնդ կամ Ֆիրդուս պիտի ուղեկցեի՝ լավ իմանալով, որ դա այն «օլդ թաունը» չէ, ինչը որ ակնկալում էին տեսնել (վերջապես, նրանք տեսել էին Թիֆլիսի հին քաղաքը, իսկ Բաքվում, անկեղծ ասած չգիտեմ ինչ են հրամցնում որպես հին քաղաք): Աբովյան փողոցի մի քանի պատմական շենք ցույց տալուց հետո ես նրանց ուղեկցեցի հյուրանոց և հրաժեշտ տվեցի՝ հերթական անգամ մտքումս Երևանի բախտը ողբալով: Ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Երևանում, նրանք մեկնեցին՝ ժամանակի սղության, ինչպես նաև եղանակի պատճառով այդպես էլ չտեսնելով Հայաստանի մայրաքաղաքի իսկական «հյուսիսափայլը»՝ Արարատը:
Փաստորեն ամենաարագ ճամփորդող զբոսաշրջիկներն ակնկալում են տեսնել ամենահիմնական, ամենամեյնսթրիմ «պրոդուկտները», որոնցից է «հին քաղաք» կոչվածը: Նշանակում է՝ մենք պատրաստ չե՞նք այսքան «արագ զբոսաշրջիկներին» գոհացնել, քանի որ չունենք «օլդ թաուն»: Իրենց հերթին, նման զբոսաշրջիկները ո՛չ ժամանակ և հաճախ ո՛չ էլ այնքան աշխարհայացք ունեն, որ գնահատեն Երևանին հատուկ առավելությունները: Թերևս այդ առավելություններից մնացել է միայն Արարատի պատկառելի տեսարանը, որն արդեն քաղաքի շատ քիչ վայրերից է լիարժեք երևում:
Վերը նկարագրված օրինակը շատ լավ պատկերում է, որ ճամփորդությունը մերօրյա զբոսաշրջիկի համար դարձել է աշխատանքի պես հոգնեցուցիչ մի բան: Չնայած, երբ ծանոթանում ենք «travel» բառի ստուգաբանությանը, ժամանակակից զբոսաշրջիկի ուժասպառ պատկերը մի փոքր ավելի պարզ է դառնում: Նույնիսկ կարող ենք միստիկա փնտրել ճամփորդության երևույթի և այն բնութագրող բառի, այսինքն՝«travel»-ի մեջ, որը սկզբնապես ծագում է «travail» բայից (անգլերենից թարգմանաբար նշանակում է ծանր, տաժանակիր աշխատանք կատարել): Առաջին հայացքից այս բառը կապ չունի ճամփորդության իրական իմաստի հետ, սակայն եթե հիշենք, թե միջնադարում (travail բառը մեզ հայտնի է 14-րդ դարից) որքան դժվար էր ճամփորդելը, ամեն ինչ իր տեղն է ընկնում: «Travail»-ը սկզբնապես ուներ բարոյագիտական նպատակ՝ ընդլայնել անձնական փորձառությունը և երևակայությունը: Եթե մերօրյա զբոսաշրջիկների շրջանում (նկատենք, որ հատուկ օգտագործում եմ «զբոսաշրջիկ», այլ ոչ թե «ճամփորդ» բառը) հարցում կատարենք, թե որն է նրանց ճամփորդության նպատակը, նրանք մեծամասամբ կնշեն, որ, ի թիվս այլ բաների, նաև ցանկանում են հարստացնել անձնական փորձառությունը:
Սակայն ի՞նչ փորձառություն կարող են ստանալ ժամանակը տրանսպորտի մեջ անցկացնելով և տեղացիների հետ համարյա չշփվելով: Նրանց փորձառությունն արտահայտվում է, փաստորեն, ոչ թե իրական միջավայրի ու մարդկանց հետ շփումով (որը հենց կլիներ իրական փորձառություն), այլ հիմնականում սահմանափակվում է «տուրիստական ապրանք» փաթեթավորմամբ հրամցված վայրեր շնչակտուր այցելություններով, որոնք հաճախ լի են տեղական պսևդոմշակույթի տարրերով: Հայաստանի դեպքում դրա ամենագլխավոր տարրերից մեկը Թուրքիայում արտադրված հայկական զարդանախշերով կտորների անխնա կիրառությունն է տարբեր վայրերում: Երբ վերոնկարագրյալ զբոսաշրջիկներին հարցնում եք, թե արդյոք նորի՞ց կայցելեն Հայաստան, նրանք, անկախ իրենց գոհ լինելու կամ չլինելու հանգամանքից, պատասխանում են. «Դե աշխարհում դեռ այնքա՜ն երկրներ կան այցելելու»:
Աշխարհի բոլոր երկրներում լինելու մոլուցքը շատ հաճախ ոչ թե բնական հետաքրքրասիրությամբ է պայմանավորված, այլ սոցցանցային մրցակցությամբ: Զբոսաշրջիկներից մեկը վրդովված պատմում էր, որ իր ընկերն ինստագրամում հայտարարել է, թե 150-րդ երկրում է արդեն լինում: «Գիտե՞ս, նա ամեն երկրում մեկ օր է մնում, բայց ախր գոնե 3 օր չանցկացնե՞ս մի երկրում, որ երկրի համը ճաշակես, տեղացիների հետ շփվես ու խոհանոցին ծանոթանաս»: Իր ճամփորդական ոճում մեկօրյա այցերը բացառելով՝ նա այսպիսով հաջողացրել էր 150-ի փոխարեն 100 երկրում լինել՝ ամեն երկրին գոնե 3 օր նվիրելով: Իսկ թե այդ 3 օրերի ընթացում նրան ինչքանով հաջողվեց ծանոթանալ հայկական 40 շերտանոց փախլավայի պես բազմաշերտ մշակույթին՝ միայն ես կարող եմ ասել՝ որպես մեր մշակույթին ներսից ծանոթ անձնավորություն և զբոսավար:
Համաշխարհային կարանտինի ժամանակ համոզվեցինք, որ աշխարհը կարիք ուներ զբոսաշրջիկներից «արձակուրդ վերցնելու»: Կովիդի թելադրանքով մարդկությունը տեսավ զանգվածային տուրիզմի թողած բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ արդեն դրա իսպառ բացակայության պայմաններում: Overtourism-ից հանգստացող աշխարհը մտածում է նոր ձևերի մասին, որպեսզի հետկովիդյան զբոսաշրջությունը չկրկնի մինչ համաճարակը գոյություն ունեցած իրադրությունը: Հայաստանում դեռ overtourism չկար, սակայն Հայաստանը փոքր երկիր է, և տուրիստական երթուղիները տարբեր զբոսաշրջային գործակալությունների առաջարկած փաթեթներում հիմնականում կրկնում են իրար, ինչի հետևանքով որոշ վայրեր անցած տարի արդեն կանգնած էին overtourism-ի փաստի առաջ: Մինչ կվերականգնենք կաթվածահար եղած զբոսաշրջությունը կովիդի ալիքից, անհրաժեշտ է պետական մակարդակով միջոցառումներ ձեռնարկել տուրիստական վայրերում խցանումները բացառելու համար: Ինչքան էլ որ գառնեցին կախված լինի զբոսաշրջիկից, չպետք է թույլ տանք, որ նա տոքսիկ (թունավոր) հարաբերություններ զարգացնի զբոսաշրջիկների հետ, այսինքն՝ առանց նրանց ապրել չկարողանա, բայց և միևնույն ժամանակ անտանելի կյանք ունենա նրանց հետ, ինչպես նաև չպետք է թույլ տանք, որ Գառնու ձորում գտնվող «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանը, որ բնակչությանը հայտնի է «Քարերի սիմֆոնիա» անվամբ, դառնա հյուսիսային պողոտա՝ թեկուզ հենց վերջերս վերանորոգած ճանապարհի պատճառով: Ինչպես Վահագն Վարդումյանն է նշում իր հոդվածում. «Պատմամշակութային հուշարձանների մասին էլ ոչ ոք չի մոռացել 2027-ին, դեռ ավելին, կարող ես նախապես որոշել, թե դու ո՞ր օրն ու ի՞նչ ժամի ես ուզում այցելել տվյալ ֆիզիկապես գոյություն ունեցող կամ վաղուց քանդված հուշարձանը (այս վերջինն արդեն AR/VR տարբերակով)՝ ելնելով քո ընտրած ժամանակահատվածում տվյալ վայրում այցելուների հնարավոր քանակից»: Այցելուների քանակի կառավարումը շատ կարևոր է նաև հուշարձանների և բնապահպանության տեսանկյունից: Զբոսավարը ոչ հսկիչ է, ոչ դայակ, և ոչ էլ առավել ևս գերմարդ է, որպեսզի կարողանա հսկել հուշարձանը փչացնել փորձող տուրիստներին հատ-հատ, երբ նա ունի 40 հոգուց բաղկացած խումբ և չունի գոնե մեկ օգնական:
Մի անգամ ականատես եմ եղել հուշարձանի տարածքում միզել փորձող կորեացի զբոսաշրջիկի և, որպես դեպքի ականատես ու մտահոգ անձ, դիմել եմ համապատասխան մարմնին՝ խնդրանքով, որպեսզի ինչ-որ կանոնադրություն կամ օրենքների համակարգ մշակվի: Մեր երկիր մտնող զբոսաշրջիկը պետք է նախապես տեղեկացվի հուշարձաններն ու բնությունը պահպանելու նպատակ հետապնդող հատուկ կանոնների մասին, և պետք է գործեն պետական մեխանիզմներ՝ թեկուզեւ տուգանքների տեսքով՝ անցանկալի վարք դրսևորող զբոսաշրջիկներին պատժելու համար, որպեսզի նման բաներն առհասարակ հետագայում կանխվեն:
Հաջորդ կարևոր խնդիրը, որն առաջանում էր մեծ թվով զբոսաշրջիկներ ընդունելու հետևանքով, իմ կարծիքով, Հայաստանի պարագայում պլաստիկ շշերի չվերահսկվող քանակով աղբ դառնալու հանգամանքն է: Հայաստանը քաղցրահամ ջրի երկիր է, և ինչպես բոլորս գիտենք, համարյա ամենուր հանգիստ կարող ենք խմել ծորակի ջուրը: Սակայն մենք զբոսաշրջիկներին չենք կարող առաջարկել ունենալ սեփական տարաները և դրանք վերալցնել ջրով: Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը տարեցներ են, որոնք անպայման ունենում են ստամոքսի հետ կապված խնդիրներ: Այս հանգամանքը սեփական տարաները վերալցնելը գրեթե անհնար է դարձնում, ինչի հետևանքով տուրիզմը դառնում է նաեւ պլաստիկ շշեր «արտադրող» ինդուստրիա: Քանի անգամ ենք զբոսավարներով ականատես եղել տուրիստական տարբեր վայրերին հարակից տարածքներում, իբր «չերևացող վայրում» բնության մեջ հենց ավտոբուսից թափված պլաստիկ շշերի կույտերի: Ճիշտ է, կան վայրեր, օրինակ՝ Նորավանքը, որտեղ հենց պլաստիկ շշերի համար առանձնացված արկղեր ունենք, սակայն որքանո՞վ ենք վստահ, որ այդ շշերը հասնում են վերամշակողներին: Անցած տարի տուրիստական ընկերություններից մեկը, որի հետ համագործակցում եմ, փորձեց կապ հաստատել տեղական վերամշակող մի ընկերության հետ՝ պայմանավորվելու համար, որպեսզի օգտագործված պլաստիկ շշերը անմիջապես հանձնեն նրանց, սակայն բազմաթիվ տեխնիկական խնդիրների պատճառով այդ հրաշալի գաղափարը իրագործել չհաջողվեց, այնինչ դա կարող էր զբոսաշրջիկների համար շատ գրավիչ մի բան լինել:
Վերջերս հոլանդացի տուր-լիդերներից մեկն ինձ ուղարկել է Բոթսվանայում պատրաստված շատ գեղեցիկ ու գունագեղ ականջօղեր՝ պլաստիկ տարաների խցաններից պատրաստված: Այնքան սիրով ու հուզմունքով եմ կրում այդ վերամշակված ու ձեռագործ ականջօղերը, ինչպես օրինակ, պատկերացնում եմ, Հոլլին՝ «Նախաճաշ Թիֆանիի հետ» ֆիլմի հերոսուհին, կկրեր «Թիֆանի» ֆիրմայի ականջօղերը: Երևակայեք, զբոսաշրջիկը ժամանում է հերթական այցելավայրը, իջնում է ավտոբուսից և դատարկ պլաստիկ շիշը իր ձեռքերով հանձնում է վերամշակողի ներկայացուցչին ու ինչ-որ տեղ՝ լինի կրպակ թե փոքրիկ արվեստանոց, տեսնում է շշերից պատրաստված վերամշակված իրերը, որոնց պատրաստման մեջ հենց տեղացիներն են ներգրավված: Սա ինքնին կդառնա տուրիստական գրավչություն, որովհետև ապագայի զբոսաշրջիկը անպայման հետևելու է, որպեսզի հնարավորինս նվազեցնի իր ճամփորդության հետևանքով առաջացած բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Իսկ պլաստիկը այդ բացասական ազդեցությունների ընդամենը մի փոքրիկ օրինակն է:
Հայաստանը որպես պետություն պետք է ամեն ինչ անի, որպեսզի գրավի հենց այս՝ որակապես նոր զբոսաշրջիկներին՝ էթիկական ճամփորդներին: Այսպիսի ճամփորդները չեն ուտում ծովամթերք Երևանում՝ ծով չունեցող երկրի մայրաքաղաքում, չեն փնտրում հավի թևիկներ, կոլա և ֆրի Գառնիում, չեն գայթակղվում Գորիսի շաուրմայով՝ ժենգյալով հացը թողած: Նրանց նպատակն է փորձել տեղականը, սատարել տեղացու փոքր բիզնեսը, ուսումնասիրել միայն տվյալ վայրին հատուկ մշակույթը, ապրել տեղացու իսկական օրով, որը հարմարեցված չէ միջազգային տուրիստական պահանջներին: Նրանք ցանկանում են վստահ լինել, որ իրենց գործողություններով չեն նպաստում կլիմայական փոփոխություններին և աջակցում են կայուն զարգացման ծրագրերին: Նրանք չեն շտապելու տեսնել Հայաստանի բոլոր հնարավոր և անհնար տուրիստական վայրերը, բայց անպայման տեսնելու են «հյուսիսափայլը»:
comment.count (0)