Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Լիբանանի բնակչության կեսը կարող է կանգնել պարենային ճգնաժամի առաջ: Ինչպես փոխանցում է «Ալ-Արաբիան», այս մասին կիրակի նախազգուշացրել է ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովը:
«Բնակչության կեսից ավելին կանգնած է հիմնական անհրաժեշտ սննդամթերքների հասանելիությունից զրկվելու վտանգի առաջ: Անհապաղ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն կանխելու սննդային ճգնաժամը»,- ասվում է ՄԱԿ-ի գործակալության հայտարարության մեջ:
Հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ Լիբանանի կառավարությունը պետք է առաջնահերթություն տա Բեյրութի նավահանգստի պահեստների վերականգնմանը, որը երկրի հացահատիկի խոշորագույն պահեստն է:
Լիբանանը տնտեսական խոր ճգնաժամում էր գտնվում անգամ մինչ օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր զոհեր գրանցվեցին և ավերվեց մայրաքաղաքի մեծ մասը:
comment.count (0)