armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը կողմ է, որ արտակարգ դրության ռեժիմն ավարտվի, և դրան փոխարինեն այլ գործիքակազմեր, սակայն կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթում իրավական առումով խնդիրներ է տեսնում:
Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:
Պատգամավորը շեշտեց, որ արտակարգ դրության ռեժիմն իրավացիորեն օր առաջ պետք է ավարտվի, և դրան պետք է փոխարինի այնպիսի գործիքակազմ, որը համաչափորեն կպայքարի համավարկի դեմ: Սակայն նա ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում իրավական խնդիրներ է տեսնում:
«Այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային առողջապահական կազմակերպության որոշումները պետք է պարտադիր լինեն այդ բնագավառում ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը: Այս դրույթը պետք է ամբողջությամբ հանել, ինչքան էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան Հայաստանում»,- ասաց Սիմոնյանը:
Պատգամավորը ինքնամեկուացման և մեկուսացման կարգին առնչվող հարցերում ևս որոշակի խնդիրներ մատնանշեց:
comment.count (0)