Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ
19:25 - 30 սեպտեմբերի, 2020

Հայաստան և Ադրբեջան: BBC.arabic-ը զրուցել է երկու երկրների միջև կրակագծում գտնվող սիրիացի զինյալի հետ

«Ես չգիտեի, որ մենք գնում ենք կռվելու»,- այս բառերով է սկսում Աբդալլահը (անունը փոխված է նրա խնդրանքով) ինձ հետ երկխոսությունը զրուցարան-հավելվածներից մեկի միջոցով: 

Մեր երկխոսությունը ծավալուն չէր. զրուցակիցս, գտնվելով Ադրբեջանի բանակի ռազմական հավաքակայաններից մեկում, շտապ ուղարկում էր իր պատասխանները, որպեսզի ռազմական ղեկավարությունից որևէ մեկը դա չնկատեր և խիստ չպատժեր:
Այդ հավաքակայանը գտնվում է Հայաստանին սահմանակից գոտում, այստեղ խիստ հսկողություն է սահմանվել ներսում գտնվող զինյալների նկատմամբ՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև դարեր շարունակ վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող պատերազմի պայմաններում: 



Սովետական միության ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը, լինելով Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար մարզ, բնակեցված էր հայերով: Սովետական միության փլուզման ժամանակ՝ 1990-ական թվականների սկզբին, այդ շրջանի բնակչությունը ցանկանում էր միանալ Հայաստանին, ինչը հանգեցրեց երկու ժողովուրդների միջև 1990-ականների սկզբին հակամարտության բռնկմանը, որի արդյունքում սպանվեց մոտ  30000 մարդ: Այն ավարտվեց խաղաղության զինադադարով՝ դարձնելով տարածաշրջանը երկու կողմերի միջև հակամարտության կիզակետ: Ժամանակ առ ժամանակ հակամարտությունն ակտիվանում է, որի հետևանքով երկու կողմից զոհվում և վիրավորվում են մարդիկ, իսկ 2016թ․ ռազմական բախումների հետևանքով մահացել էր ավելի քան հարյուր մարդ։ 

Անցյալ կիրակի օրը` սեպտեմբերի 27-ին, երկու երկրները հայտարարեցին ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք՝ կողմերի միջև ռազմական էսկալացիայի հետևանքով:

Աբդալլահը մեկն է սիրիացի հարյուրավոր քաղաքացիներից, որոնք թուրքական բանակի և Սիրիայի հյուսիսում նրա դաշնակից՝ ընդդիմադիր Ազգային բանակի իմացությամբ անցյալ չորեքշաբթի ուղարկվել էին կռվելու ադրբեջանցիների կողքին: Սիրիայի հյուսիսի այս քաղաքացիները զինվորական պատրաստություն չեն անցել, նրանց տարիքը տատանվում է 17-30 միջակայքում: 

Հայաստանի կառավարությունը մեղադրել է Թուրքիային Ադրբեջանում չորս հազար սիրիացի մարտիկ տեղակայելու մեջ, սակայն Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները։ Թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը զեկույց էր հրապարակել, որում հերքում էր այդ տեղեկությունը։ 

Մինչդեռ Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հաստատում է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակի» խմբավորումների որոշ ղեկավարներ, ինչպես օրինակ թուրքմենական ծագում ունեցող Սուլթան Մուրադը և Սուլեյման Շահը, Անկարայի հրահանգով մարտիկներ են ուղարկել Ադրբեջան, իսկ Հոմս և Ալ֊-Ղուտա քաղաքների բնակիչները հրաժարվել են մեկնել՝ պատճառաբանելով, որ կոնֆլիկտը շիա ադրբեջանցիների և քրիստոնյա հայերի միջև է։

Ճանապարհը դեպի Ադրբեջան
 

Աբդալլահը նման է Սիրիայի հյուսիսի բնակիչների մեծ մասին, որոնք տառապում են ծանր տնտեսական և դժվարին կենսական պայմաններից: «Արձագանքների համակարգման» խմբի կողմից իրականացված տեղական հարցումների համաձայն՝ այս տարածաշրջանում բնակվողների 90%-ը չի կարողանում հոգալ իր կյանքի հիմնական տարրական ծախսերը,  նրանց 81%-ը ամսական 50 դոլարից նվազ աշխատավարձ է ստանում, 78%-ը չի կարողանում գնել այն ամենն, ինչի կարիքն ունի կամ ցանկանում է: 
Այս ամենից ելնելով՝ Աբդալլահն ընդունել է Ադրբեջանում ամսական 2000 դոլարի դիմաց աշխատելու հնարավորությունը՝ իր և իր ընտանիքի կյանքի պայմանները բարելավելու նպատակով՝ չիմանալով սակայն, թե ինչ է սպասում նրան այնտեղ (Ադրբեջանում):

Աբդալլահը ներկայացնում է ինձ իր ուղևորությունը. «Անցյալ շաբաթ Սիրիայի ընդդիմադիր ազգային բանակի Համզա խմբավորման առաջնորդ Սեյֆ Աբու Բաքրը առաջարկեց մեզ մեկնել Ադրբեջան՝ սահմանին գտնվող ռազմական կետերը հսկելու համար՝ ամսական 2000 դոլար վարձատրությամբ: Սիրիայի հյուսիսից մեզ տեղափոխեցին դեպի Հաուար Քիլիս գյուղ, այնտեղ Սիրիայի ազգային բանակի մարտիկները առգրավեցին մեր գումարը, հեռախոսները և հագուստը, որպեսզի մեր ինքնությունը որևէ կերպ չճանաչվի»: 

Աբդալլահին հաջողվել է վերստին հետ ստանալ իր հեռախոսը՝ ընտանիքի հետ շփումը ապահովելու համար: Նա, սակայն, չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ նրանց: Աբդալլահն ավելացնում է. «Այնուհետև մեզ տեղափոխեցին Թուրքիայի հարավում գտնվող Antep-ի օդանավակայան, որտեղից 1 ժամ 40 րոպե տևողությամբ թռիչք կատարեցինք դեպի Ստամբուլի օդանավակայան, իսկ հետո արդեն ադրբեջանական ավիաուղիների միջոցով՝ Ադրբեջան: Մեր ժամանման պահին դեռ պատերազմը չէր մեկնարկել, և մենք չէինք պատրաստվում կռվել»: 

Սա առաջին դեպքը չէ, երբ սիրիացիները Թուրքիայի միջոցով ուղարկվում են կռվելու իրենց հայրենիքից դուրս: Անցյալ տարվա մայիսին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ սիրիացիները երկրի հյուսիսից Թուրքիայի տարածքով ուղևորվում են Լիբիա՝ Ազգային համաձայնության կառավարության շարքերում կռվելու՝ ընդդեմ գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերի: 

Անակնկալ կռիվ 

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման մասին, գումար աշխատելու և ապրուստի միջոցները բարելավելու Աբդալլահի երազանքները հօդս ցնդեցին: Նա, մասնավորապես, նշում է. «Մեզ  նստեցրին զինվորական փոխադրող-մեքենաներ, մենք կրում էինք ադրբեջանական համազգեստ և յուրաքանչյուրս զինված էր անհատական զենքով (Կալաշնիկով): Այստեղ գտնվողների մեծ մասն աղքատ մարդիկ են, որոնք ցանկանում էին գումար աշխատել․ զինվորականներ չեն: 

Մեքենան կանգ առավ, և մենք անակնկալի եկանք, որ առաջնագծում ենք ու չգիտեինք անգամ, թե որտեղ է թշնամին: Երբ սկսվեց հրետակոծությունը, երիտասարդները սկսեցին վախից լաց լինել՝ ցանկանալով վերադառնալ, ապա մեր կողքին արկ ընկավ, չորս սիրիացի սպանվեց, երեքը վիրավորվեցին»: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հակամարտության կողմ չէ և միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: 

Աբդալլահն ավելացնում է, որ ռազմական հավաքատեղիում, որտեղ գտնվում է, տեսել է սպանված սիրիացիների 10 դիակ, վիրավորվել են 70-ը, և նրանց չի ցուցաբերվում անհրաժեշտ առողջապահական խնամք: 

Սիրիայի հյուսիսի տեղական աղբյուրները BBC-ին հայտնել են, որ մի շարք ընտանիքներ սկսել են լուրեր ստանալ իրենց հարազատների մահվան մասին: 

Կռիվ կամ բանտ

Սիրիացի այս երիտասարդների պայծառ ապագայի ակնկալիքը՝ ամսական երկու հազար դոլար ստանալու հույսը, հանկարծակի վերածվել է խավարի, քանի որ նրանք այժմ ամեն րոպե մահվանը դեմ առ դեմ են ելնում: Այժմ նրանք ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ 

Աբդալլահը որոշ ժամանակ դադարեց գրել և չէր պատասխանում իմ հարցերին։ Կարծում էի, որ նրան բացահայտել են, սակայն պարզ դարձավ, որ պատերազմական գոտում ինտերնետի թույլ  կապը բարդացնում է հաղորդակցությունը:  Վերջում նա ավելացնում է․ «Պատերազմի մեկնարկից հետո մենք փորձեցինք տեղեկացնել այստեղի ղեկավարությանը, որ ցանկանում ենք վերադառնալ Սիրիա, սակայն մերժում ստացանք։ Նրանք մեզ սպառնում են երկարաժամկետ ազատազրկմամբ, եթե չգնանք ճակատում կռվելու, մենք նման ենք աքսորյալների»։

Շուշան Կյուրեղյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել