Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան
18:38 - 01 հոկտեմբերի, 2020

Արցախահայության՝ իրենց հայրենիքում ինքնորոշման իրավունքն անզիջելի է, մնացածը դիվանագիտական լուծման հարց է․ Սոս Ավետիսյան

Թե՛ Արցախի ճանաչման, թե նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու ճանապարհները, ելքերը պետք է քննարկվեն հանրության հետ։ Այս կարծիքին է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, արցախա-ադրբեջանական սահմանին օրեր առաջ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, ըստ որի՝ չի բացառվում Հայաստան-Արցախ ռազմական դաշինք կնքելու հնարավորությունը։ Քաղաքագիտական շրջանակները կարծում են, սակայն, որ ռազմական դաշինք պետք է կնքել միայն Արցախը ճանաչելուց հետո, ապա մտածել նաեւ միացման մասին։

Infocom-ի հետ զրույցում պատգամավոր Սոս Ավետիսյանը նկատեց՝ Հայաստանի ու Արցախի հանրության հետ կոնտակտը շատ կարեւոր է, բայց, իր կարծիքով, ռազմաքաղաքական դաշինքը հետագայում կարող է բերել նաեւ Արցախի ճանաչմանը։

«Դրանք տեսականորեն իրար հետեւող գործընթացներ են։ Այս 2 տարբերակներն էլ սեղանի վրա են, եւ մենք այդ կապակցությամբ քննարկումներ ունենք․ ինչպես կորոշի քաղաքական ղեկավարությունը, այդ ուղղությամբ էլ կշարժվենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, ըստ էության, ռազմաքաղաքական դաշինքը կարեւոր ուղենիշ կարող է լինել․

«Բայց ամենակարեւոր բանը, որ պետք է արձանագրել՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը անզիջելի է, մնացածը արդեն դիվանագիտական եւ քաղաքական մտածողությամբ լուծում պետք է լինի»,- եզրափակեց պատգամավորը։

Սեդա Առաքելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել