tert.am: Յուրաքանչյուր առաջնորդ, երկրի ղեկավար պետք է շատ հստակ պատկերացնի քաղաքական, ռազմական զարգացումները, և, ընդհանրապես, գլոբալ առումով հնարավոր զարգացումները: Ցավոք, մենք դա չտեսանք ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների, ո՛չ վերջին օրերին իր հնչեցրած բացատրությունների, ինչ-որ տեղ՝ «իր մեղքի բաժնի» մասին խոսելիս: Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
«Վարչապետը հստակ փաստում է, որ իր համար, քաղաքական իշխանության համար մարդը արժեք չէր: Եթե առաջնորդվեինք «մարդը արժեք է» սկզբունքով, կարող էինք շատ հարցերի պատասխան տալ և բավականին զարգացումներ կանխել, բայց այսօր ոչ միայն մարդկային կորուստների, այլև հողային կորուստների լուրջ գին ենք վճարել: Մենք պետք է հասկանայինք այդ գինը, առաջին իսկ պահից անցկացվեին քաղաքական լուրջ խորհրդատվություններ, արվեր ուժերի մոբիլիզացիա՝ բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներազգային. այն ամենը, ինչին ականատես չենք եղել»,-ասաց Իշխանյանը:
Վերջինիս կարծիքով՝ անկազմակերպվածության գերագույն աստիճան ենք ցույց տվել, որ երևի վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, երբեք չենք ունեցել: «Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ չունեինք պետական միավորներ, կազմավորված ատրիբուտներ, այս կարգի անկազմակերպվածության աստիճան չենք ունեցել»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ կնքվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, Իշխանյանն արձագանքեց, թե շատ տրամաբանական է այդպիսի բնորոշումը:
«Փաշինյանի հրաժարականը կարող է որոշակի լույս փռել մեր ապագայի վրա: Սա ասում եմ ոչ թե որպես ՀՅԴ կառույցի պատասխանատու, այլ երկրի քաղաքացի, և շատ լավ հասկանալով նաև քաղաքական գործընթացները՝ ունեմ նաև իմ անձնական տեսակետը, որ վարչապետի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի օր և ժամ առաջ, որ կարողանանք նոր լույս բացել մեր ժողովրդի համար»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետն ընդգծում է, որ սա ոչ թե համաձայնագիր, այլ համատեղ հայտարարություն է, և հարցին՝ ի վերջո, արդյո՞ք այն իրավական ուժի ունի, ԱՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց.
«Ես կարծում եմ, որ դրանում իրավական ուժ չկա, և վարչապետի ստորագրած հայտարարության փաստաթուղթն իրավական հիմքեր չունի: Իրավական հիմքեր ստեղծելու համար այդ փաստաթուղթը պետք է խորհրդարանով և համապատասխան կառույցներով անցներ: Սա հարցի մի կողմն է, բայց արդեն փաստ է, ռուս խաղաղապահներն հասել են Արցախ, և արդեն իսկ իրենք իրենց հենակետերն են տեղակայում»,-ասաց Իշխանյանը:
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)