2020 թ. դեկտեմբերի 11-ին Փարիզից ժամանած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով «Ազնավուր» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և «Վեոլիա» հիմնադրամի կողմից «Ազնավուր» հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ ու ծածկոցներ:
Օգնությունը կբաշխվի պատերազմից տուժած արցախցի ընտանիքներին՝ մեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ չվերթը նույնպես իրականացվում է Ֆրանսիայի կառավարության շնորհիվ՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի նախարարության կոորդինացմամբ: Չվերթն ընդունող պաշտոնական կողմը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորությամբ:
Այս համընդհանուր մոբիլիզացիայի շրջանակներում նոյեմբերին ֆրանսիական կառավարության կողմից արդեն իսկ վարձակալվել էր երկու ինքնաթիռ՝ Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար:
Կցանկանայինք մեկ անգամ ևս մեր խորին երախտագիտությունը հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնեցին հավաքագրել անհրաժեշտ ապրանքները Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և շուտով չորրորդ ինքնաթիռն էլ կժամանի Երևան՝ բերելով բժշկական սարքավորումներ, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ:
«Մենք հավատարիմ ենք մարդկային արժեքներին, քանի դեռ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ իմ ջերմությունն ու սերը փոխանցել արցախցի եղբայրներին ու քույրերին»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:
comment.count (0)