Հայաստանում իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով․ մենք եկել ենք ընտրություններով, եւ այսօրվա կառավարության ու իշխող մեծամասնության մնալու կամ հեռանալու հարցը նույնպես պետք է որոշվի այդկերպ։ Այս համոզմանն է խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը վստահ է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են․
«Ես հասկանում եմ մեր հայրենակիցների ցավը, բայց այդ ցավին եւ ցասմանը խառնված է նաեւ կեղծ քաղաքական օրակարգերի պատեհապաշտություն, բայց կարծում եմ ներքաղաքական իրավիճակի կայունացման տարբերակն ընտրությունների անցկացումն է։ Ես կարծում եմ, որ այստեղ է այն սովորական կոնսեսուսը, որը բոլորով ենք ընդունում։
Ինչու եմ ես սա ասում, որովհետեւ դժվար է միայն հանրության տեսակետը կշռելը, բայց խնդիրը նաեւ առաջարկի մասով է․ ի վերջո քաղաքական ուժերը պետք է կարողանան ապագայի տեսլական ներկայացնել։ Ստեղծված իրավիճակում պետք է ամբողջապես վերանայենք մեր տնտեսությունը, քաղաքականությունը, կրթությունը, ռազմաարդյունաբերությունը, դիվանագիտությունը, ամեն բան։ Դրա համար անհրաժեշտ են ընտրությունները»,- Infocom-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ ընգծելով, որ ստեղծված նոր իրավիճակում ընտրությունների անհնարժեշտության մասին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ «ժողովրդի կամարտահայտություն» տերմինն օգտագործելով։
Վերջինիս կարծիքով՝ ընտրական գործընթացը հնարավոր կլինի պատշաճ անցկացնել միայն Ընտրական օրենսգրքի ու Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությամբ․ վերջինի լրացումներն ու փոփոխություններն, ի դեպ, նախօրեին ամբողջությամբ ընդունվեցին խորհրդարանում։
Այս պահին խորհրդարանը Կուսակցությունների մասին օրենքն է վերջնականցնում, կլինի նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխություն եւ թերեւս ընտրությունները հստակ միայն այդ տարբերակով հնարավոր կլինի անել փոփոխություն։
Ինչ վերաբերում է փողոցում բողոքի ակցիաներ անցկացնող 17 կուսակցություններին, որ ներկայանում են որպես Հայրենիքի փրկության շարժում, Ավետիսյանի խոսքով՝ հենց նրանք են ապակայունացնում իրավիճակը․
«Այդ 17 կոչվածը՝ կուսակցությունների, մարդ-կուսակցությունների կամ խմբերի ասածը հետեւյալն է․ եկեք պահպանեք խորհրդարանը, մենք բերենք մեր մարդու, նա կայունացնի իրավիճակը, այսինքն՝ մոտավորապես այսպես են ձեւակերպում՝ «այդ ժամանակ մենք էլ ոչինչ չենք անի»։ Կայունացնելը դա է, որովհետեւ հիմա իրենք են ապակայունացնում, հետո կտեսնենք՝ մեկ տարի հետո ինչ կլինի, ընտրություններ կանենք, կանցնի, կգնա։ Իրականում, սակայն, խորհրդարանական երկրում, (ընդ որում՝ այդ համակարգին անցնելու ընտրությունը մերը չի եղել, չնայած վատ համակարգ չէ), չի կարող դա տեղի ունենալ, որպես կանոն՝ այդ առաջարկն ավելի շատ կարող է բնորոշ լինել նախագահական կամ կիսանախագահական համակարգին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս պահին դա հնարավոր չի համարում, որովհետեւ այդ դեպքում ինչպե՞ս է աշխատելու այդ կառավարությունը, այդ կառավարության կայացրած որոշման համար ԱԺ-ն պատասխանատվություն կրելո՞ւ է, թե՞ ոչ․
«Ես որեւէ ընդհանրություն չունեմ այդ մարդկանց կամ այդ մարդկանց առաջարկած թեկնածուի հետ, ո՞րն է սկզբունքը, ինչո՞ւ պետք է մեր օրենքը ընդունվի կամ չընդունվի, որովհետեւ ի՞նչ։ Ես ունեմ կանխավարկած, որ դա բերելու է ընտրությունների կեղծման, որովհետեւ այդ կուսակցություններն ունեն ընտրությունների կեղծման ահռելի փորձ։ Իրենց ուզածն, ըստ էության, ընդամենն այն է, որ քաղաքական պրոցեսների վրա ազդելու լծակներ ունենան»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ իրենք ունեն ընդհանուր պատասխանատվություն, եւ չեն կարող իրենց ուսերից թոթափել դա այս կամ այն փոխատեղմամբ․ դա, ըստ Ավետիսյանի, անազնիվ կլինի։
Անդրադառնալով ընդդիմադիր մյուս կուսակցության՝ Լուսավոր Հայաստանի՝ Էդմոնին Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հայտարարության՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն արձագանքեց, որ երբ անձը խորհրդարանում փոքրամասնական կուսակցության ներկայացուցիչ է, չի կարող լինել վարչապետ․
«Այդպես չի լինում։ Ի վերջո խնդիրն այն է, թե մենք ինչքան ենք կապված ներքաղաքական դիվիդենտների հետ։ Ինչ վերաբերում է չեզոք թեկնածուներին՝ նախ Հայաստանում ահավոր դժվար է գտնել չեզոք մարդ, բայց նորից բախվում ենք նույն հարցին՝ չեզոք ո՞ւմ են ներկայացնելու, այսինքն՝ չեզոք մարդկա՞նց են ներկայացնելու, քաղաքական դիրքորոշում ունեցո՞ղ մարդկանց են ներկայացնելու, ա՞յլ դիրքորոշում ունեցող մարդկանց են ներկայացնելու, մենք ո՞նց ենք պատասխանատու լինելու չեզոք մարդու որոշումների համար․ սրանք բոլորն ավելի ապակայունացնող սցենարներ են, որովհետեւ դրանք գնում են ինստիտուցիոնալ ապակայունացման»։
Ավետիսյանի կարծիքով՝ այս պահին ճիշտ տարբերակը ռեֆորների, արցախահայության խնդիրները լուծելու շուրջ քայլերի համատեղումն է։ Ըստ նրա՝ քաղաքական կուսակցությունները զուգահեռաբար պետք է ձեւավորվեն, ներկայացնեն իրենց հայտը, նշեն ապագայի իրենց հեռանկարը, որպեսզի քաղաքացին ըստ իրավիճակի կարողանա ընտրություն կատարել։
Իսկ թե իշխող քաղաքական թիմն ինչ է արել 2,5 տարվա ընթացքում՝ մասնավորապես ընտրական օրենսդրության բարեփոխման առումով, Ավետիսյանը մեկնաբանեց, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ Կուսակցությունների մասին օրենքը ֆունդատամենտալ աշխատանքներ են, եւ որ դրանց վերաբերյալ բավական ծավալուն աշխատանք է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը․
«Որպես կանոն՝ երաշխիքները լինում են, որ ԸՕ-ն եւ Կուսակցությունների մասին օրենքը փոփոխվեն դանդաղ, որպեսզի քաղաքական դաշտի խաղացողները կարողանան դրան պատրաստվել, բայց ստացված իրավիճակում պարզ է, որ դրան պետք է արագություն հաղորդվի․ այդպես էլ անում ենք։ Ես կարծում եմ, որ ներկայիս իշխանությունը որեւէ առիթ չի թողել՝ կասկածելու ընտրությունների ազնվության վրա։ Խոշոր ՏԻՄ ընտրություններում մենք պարտություն ենք կրել, ինչը նորմալ է։ Այս առումով ես ինչ-որ մտահոգություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը այնպիսին պետք է լինի, որ մարդիկ կուսակցություններ ընտրեն։ Մեր հասարակությունում կուսակցություն բառը բավականին վարկաբեկված է, որովհետեւ երբ կուսակցությունները տարիներ շարունակ կեղծում են ընտրությունները, ստեղծվում, փլուզվում, քանդվում, դառնում են ավտոկրատիկ, եւ իրենք ավտորկրատիկ են սարքում երկիրը, ու կուսակցության նկատմամբ հավատը կորչում է»։
Սոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի ամեն դեպքում ունենանք ծրագրային քաղաքականություն, հարկավոր է, որ հասարակության այն մյուս խմբերը, որոնք այս պահին չեն երեւում, օրինակ՝ մասնագիտական խմբերը, կարողանան ձեւավորել քաղաքական թիմեր եւ մասնակցել այդ ընտրություններին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։
Անդրադառնալով նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությանը եւ գործող կառավարության ընդդիմախոսների այն պնդումներին, թե հնարավոր է դրա որոշ կետեր փոխել՝ ի շահ Հայաստանի, պատգամավորն իրատեսական չի համարում․
«Այն, որ մենք անհաշտ ենք այս հայտարարության հետ, հաստատ է, ես կարծում եմ, որ նույնիսկ հայտարարության համահեղինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անհաշտ, բայց իրավիճակն այսպիսին է։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա դա քաղաքական կուսակցությունների ծրագրերի տեսլականը պետք է լինի։ Պետք է կարողանալ ավելի շահեկան դիրքերի բերել մեր արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը եւ մնացածը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի իրապես ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Ավետիսյանը չի կարծքում, թե Մինսկի խմբի ձեւաչափը, որպես արցախյան հակամարտության լուծման հարցով բանակցությունների հարթակ՝ քանդված է։ Ըստ նրա՝ լուրջ մարտահրավեր է նետված, եւ, ըստ էության, պետք է աշխատել, որպեսզի ՄԽ համանախագահները մասնակից լինեն բանակցություններին, հետագա քննարկումներին։ Պատգամավորը առաջմահերթ քննարկման առարկա է դիտարկում հատկապես ԼՂ կարգավիճի հարցը, ապա նաեւ, փախստականների եւ այլն։
Թե ինչու հստակ չդրվեց Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցը, երբ մինչեւ պատերազմը՝ այս քայլերը չանելու հիմնավորումը ռազմական գործողությունների սպառնալիքն էր, Ավետիսյանը պատասխանեց, որ խորհրդարանը, որպես կանոն, առաջնորդվել է ԱԳՆ-ի առաջարկներով․
«Որովհետեւ նույնիսկ պատերազմի ժամանակ կար բանակցային ճանապարհ, եւ նաեւ դրանից հետո։ Այդ պարագայում պետք է զգուշավոր լինել։ Նույն տրամաբանությամբ ինչո՞ւ 1994 թվականից հետո չճանաչեցին Արցախը, կամ ինչո՞ւ չմիավորվեցին, ինչո՞ւ չգնացին ազգերի ինքնորոշման սկզբունքով, ինչո՞ւ Ապրիլյան պատերազմի ժամանակ չեղավ ճանաչում։ Սա անընդհատ կարելի է հետ ու առաջ անել, բայց մենք միշտ առաջնորդվել ենք մեր երկրի եւ արցախահայության շահերով։ Ես չեմ կարող մեկնաբանել թե ինչ կլիներ, բայց կարող եմ ասել, որ մենք Արցախի ճանաչմանը կամ միացմանը դեմ չենք, բայց թե ինչ հետեւանքների դա կբերեր եւ թե ինչ քայլեր կհետեւեին դրան, չեմ կարող ենթադրություններ անել»,- եզրափակեց Սոս Ավետիսյանը։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)