Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]
12:44 - 11 փետրվարի, 2021

Ինչու (չ)են պետությունները ֆինանսավորում գիտությունը. Հայաստանի դեպքը [Challenge 15.1 | Մուշեղ Ղահրիյան]

Ղահրիյան Մուշեղ

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում կայացան գիտության վերաբերյալ հերթական լսումները։ Ելույթների մեծամասնությունում կարմիր թելով անցնում էր պատշաճ ֆինանսավորման խնդիրը, որն այդպես էլ լուծում չի ստանում։ Խնդիրը քաղաքական է, և, դատելով նաև տարբեր տարիներին քաղաքական գործիչների ելույթներից, պատկերացումը գիտության և նրա դերի մասին բավական խեղաթյուրված է։ Տարբեր հարթակներից հաճախ կարծիքներ են հնչում գիտության և ռազմարդյունաբերության, գիտության և դրա արդյունքների առևտրայնացման, գիտնականների անելիքի վերաբերյալ, որոնք հաճախ, մեղմ ասած, աղավաղում են պատկերը։ Այս հոդվածով փորձենք պատասխանել, թե ինչու է անհրաժեշտ գիտությունը, ինչու պետք է այն պատշաճ ֆինանսավորել, ինչու Հայաստանում չի ստանում բավարար ֆինանսավորում, արդյոք գիտությունը կարող է օգնել Հայաստանին ունենալու հարվածային անօդաչու սարք կամ հրանոթի արկ։

Ինչու է մարդը զբաղվում գիտությամբ, ու ով է գիտնականը

Մարդն ի բնե հետաքրքրասեր է։ Միևնույն ժամանակ, նա խոցելի է բնության մեջ. մարդը ոչ արագաշարժ է, ոչ ֆիզիկապես բավարար ուժեղ, ոչ զարգացած դիմածնոտային համակարգ ունի, ցրտադիմացկուն չէ, ծնողի խնամքից կախված է բավական երկար։ Այդ հետաքրքրասիրությունը և անբարենպաստ մեկնարկային պայմանները նրան դրդեցին ուսումնասիրելու շրջապատող աշխարհը։

Մարդը դատապարտված էր կործանման, եթե չձևավորեր մյուս տեսակների համեմատ զարգացած ուղեղ։ Բնության հետ անընդհատ պայքարում մարդը ստիպված էր մտածել ինչպես գոյատևել։ Շրջապատող միջավայրից ու փորձից ժամանակի ընթացքում կուտակվել է մեծ ծավալի գիտելիք։ Այդ մեծածավալ գիտելիքին ծանոթանալու, յուրացնելու, մշակելու, դասակարգելու համար անհրաժեշտ է լինում կիրառել որոշակի գործիքակազմ՝ մեթոդ։ Կիրառելով մեթոդը՝ հետազոտողը չափման, փորձի, համեմատության, ընդհանրացման և բազմաթիվ այլ գործիքներով ստեղծում է գիտելիք։

Այդպես ծնվում է նոր գիտելիքը, իսկ մեթոդի կիրառմամբ գիտելիք ստեղծող անձը կոչվում է գիտնական։ Գիտնականն զբաղվում է նոր գիտելիք ստեղծելով։ Այդ նոր գիտելիքը պետք է լինի չափելի, ապացուցելի, հեշտ ստուգելի, ինչը նշանակում է, որ նույն արդյունքը պետք է ստացվի տարբեր մարդկանց կամ խմբերի փորձի արդյունքում։ Գիտնականը նոր գիտելիք ստեղծելու համար ուսումնասիրում է նախկինում ստեղծված գիտելիքը, որն ամեն օր ավելանում է ահռելի ծավալներով։

Ինչու են պետությունները ֆինանսավորում գիտությունը

Ժամանակակից աշխարհում նյութական ապրանքներն էժանանում են արտադրական գործընթացի ավտոմատացման ու օպիտմալացման շնորհիվ, մինչդեռ ծառայությունները, որոնք մատուցում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, անընդհատ թանկանում են։ Նույնը վերաբերում է գիտությանը և գիտնականին։ Ստեղծված յուրաքանչյուր հաջորդ գիտելիքը ձեռք է բերվում ավելի թանկ ու ավելի մեծ ջանքերով։

 Մարդը բնության դժվարությունների դեմ անհավասար պայքարում գիտելիքով է կարողացել գոյատևել ու զարգանալ։ Մարդն անընդհատ պայքարի մեջ է տարերային աղետների, վիրուսների, բակտերիաների, այլ կենդանատեսակների ու մարդկանց հետ։ Ընդ որում, որքան ավելանում են մարդկության հնարավորությունները, նույնքան ավելանում են մարտահրավերները։ Դրա պարզ օրինակներից մեկն է մարդու և նրա համար վտանգավոր բակտերիաների պայքարը։ Բակտերիաներն ավելի արագ են մուտացվում և հարմարվում իրենց դեմ պայքարի միջոցներին, քան մարդիկ ստեղծում հակաբիոտիկներ։ Այս պայքարում մարդկությունը սկսում է զգալի հետ մնալ, և իրական է վտանգը, որ մոտ ապագայում մարդկությունը կարող է հետ շպրտվել միջնադար ու զրկվել արդյունքներից, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ փրկվել են հակաբիոտիկների ստեղծման շնորհիվ։

Հարցն այն է՝ արդյոք պետությունը, հանրությունը մասնակցո՞ւմ են նոր գիտելիքի ստեղծմանը, ապագայի կերտմանը, թե՞ պարզապես սպառող են։ Ըստ այդմ էլ որոշվում է մնացած աշխարհի վերաբերմունքը այդ երկրի հանդեպ՝ դու կամ գիտելիք, անվտանգություն, բարեկեցություն ստեղծողների թվում ես, կամ էլ քո ռեսուրսները՝ հատկապես մարդկային, տանելու են, և վերածվելու ես գյուղատնտեսական ու հանքահումքային կցորդի՝ համապատասխան հետևանքներով։ Գիտությունը, կրթությունը հստակ բաժանարար գիծ են, թե պետությունը որ կողմում է հայտնվում։

Կրթությունը և գիտությունը նաև միջավայր են, այդ միջավայրը ներգրավում է ավելի շատ բարձր որակավորում ունեցող մարդկանց, բարձր որակավորում ունեցող մարդիկ բերում են ավելի շատ ֆինանսներ ու տեխնոլոգիաներ, նոր ֆինանսներն ու տեխնոլոգիաները ստեղծում են ավելի շատ բարեկեցություն ու հնարավորություններ, այդ բարեկեցությունն ու հնարավորությունները կառուցում են ավելի ամուր անվտանգություն։

Այդ միջավայրը, որը ձևավորող անձինք միայն գիտնականները չեն, գիտական հանրույթն է: Գիտնականները մեկուսացած չեն միմյանցից և արտաքին աշխարհից: Մշտական քննարկումները՝ երբեմն սուրճ խմելով, բանավեճերը, դիտարկումները, քննադատությունը գիտական գործընթացի անբաժան մասն են: 

Պետությունը ներդրում է անում գիտելիքի, համբավի, հեղինակության ստեղծման մեջ, իսկ ինչ-որ պահից սկսած՝ այդ գիտելիքը բերում է ավելի շատ գիտելիք, հեղինակությունը՝ ավելի մեծ հեղինակություն, գումարը՝ ավելի մեծ գումար։ Գիտությունը սերտորեն կապված է պետության անվտանգության և անհրաժեշտ ինքնաբավության հետ։ Եթե պետության նախաձեռնությամբ չեն ուսումնասիրվում սեփական պատմությունը (պատմագիտություն), մշակույթը (մշակութաբանություն), ավանդույթները (ազգագրություն), ինստիտուտները (քաղաքագիտություն), հասարակական հարաբերությունները (սոցիոլոգիա) և այլ ոլորտներ, դա անում են ուրիշները, նրանց ֆիլտրերով է այդ երկիրը ներկայանում աշխարհին։

Եթե տվյալ երկրում չկան գիտնականներ, որոնք ուսումնասիրում են բնական ռեսուրսները, բուսական և կենդանական աշխարհը, մթնոլորտը, առողջապահական իրադրությունը, մարդկանց խնդիրները, տնտեսությունը և տասնյակ այլ ասպարեզներ, պետությունները ստիպված են լինում դիմել այլ երկրների ու կազմակերպությունների՝ թույլ տալով նաև հավաքել մեծածավալ տեղեկություն իրենց մասին, որը հետո կարող է օգտագործվել երրորդ կողմից։

Գիտությունը, արդյունքը և բիզնեսը

Երբ գիտնականն սկսում է օբյեկտիվ ու անաչառ հետազոտություն, նա չգիտի՝ ինչ արդյունք կունենա, կհաստատվի՞, թե՞ կհերքվի հիպոթեզը, սակայն բացասական արդյունքը ևս գիտելիք է։ Գիտնականի, գիտության առաջ չի կարելի դնել ծախսի ետբերման կամ գռեհիկ առուծախի ոճով դրամայնացման պահանջ։ Գիտելիքի հիման վրա արդյունք ստանալու գործը պետությանն է, գործարարներինը, արտադրողներինը։

«Մեր օրերում այլևս ոչ ոք չի համարձակվի պնդել, թե հետազոտության արժեքը ամեն ինչում և ամեն ինչի համար չափվում է գործադրման պիտանիությամբ», - գրում էր պատմագետ Մարկ Բլոկը դեռ անցյալ դարի առաջին կեսին:

Աշխարհը դեռ չի հայտնաբերել պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կճուճի բեկորի կամ որևէ երկրի պատմության 15-րդ դարի մի անցքի լուսաբանման ուղղակի դրամայնացման եղանակ։

Բայց «ինչպես փորձն է սովորեցրել, անկարելի է կանխավ որոշել, թե արտաքուստ ամենից անշահախնդիր մտահայեցողությունները օրերից մի օր չեն դառնա զարմանալիորեն օգտակար՝ գործնականում», - բացատրում է Բլոկը:

Հայաստանի դեպքում գիտության զարգացման համար անփոխարինելի դեր ունի պետությունը, քանի որ ապաարդյունաբերականացված երկրում քիչ են այն հզորությունները, արտադրությունները, ընկերությունները, որոնք կարող են պատվեր իջեցնել։ Ներկա իրողություններում մասնավոր սեկտորը պարզապես ի վիճակի չէ ստանձնելու լոկոմոտիվի պարտականությունները։

Գիտությունը և ռազմարդյունաբերությունը

Գիտության զարգացման մասին քննարկումները հաճախակիացել են 2020 թվականի պատերազմում գրանցված արդյունքների հետևանքով։ Ռազմարդյունաբերության, ժամանակակից զինատեսակներ ունենալու հրատապ խնդիրը, սակայն, գիտության լուծելիքը չէ։

Առհասարակ, ռազմարդյունաբերությունը պահանջում է ահռելի ֆինանսական, քաղաքական, տեխնոլոգիական, մարդկային, նաև տարածքային ռեսուրսներ։ Քչերը կարող են իրենց թույլ տալ կործանիչ ինքնաթիռ արտադրել, որովհետև անհրաժեշտ են այդ ինքնաթիռի հազարավոր բաղադրիչներն արտադրող մատակարարներ։ Տարածքով և բնակչությամբ փոքր երկրները ֆիզիկապես չեն կարող դա թույլ տալ իրենց։

Նույնը վերաբերում է հարվածային անօդաչու սարքերին։ Դրանք բաղկացած են ծրագրից և ֆիզիկական մասերից, որոնք արտադրվում են աշխարհի տարբեր կետերում։ Անօդաչու սարք ունենալու համար կարելի է գնել այն, ինչպես արել է Ադրբեջանը, և մասնագետներ պատրաստել՝ դրանք շահագործելու համար։ Սեփականն ունենալու համար պետք է պայմանագրեր կնքել բաղադրիչներ մատակարարող ընկերությունների հետ, պատրաստել կամ աշխատանքի վերցնել համապատասխան մասնագետների, ինժեներների, որոնք միմյանց կմիացնեն այդ բաղադրիչները և ծրագիրը, որը գործի կդնի ողջ համակարգը։ Կարճ ասած՝ համեմատաբար կարճ ժամանակում անօդաչու թռչող սարք ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում և ֆինանսավորում։

Հայաստանի դեպքում կարճաժամկետ հեռանկարում գիտությունը քիչ անելիք ունի։ Իհարկե, գիտնականների ուսումնասիրությունների արդյունքների շնորհիվ կարող են բարելավվել զինատեսակի ֆիզիկական, քիմիական հատկանիշները, բայց միայն դրանով հայրենական ռազմարդյունաբերությունը չի կայանա։ Այս դեպքում փամփուշտ, արկ, նռնակ կամ անօդաչու թռչող սարք արտադրելու հարցում գիտությունն առանձնապես անելիք չունի։ Տեխնոլոգիան վաղուց արդեն հայտնի է, մնում է ֆինանսավորել, գտնել արտադրության կազմակերպիչների, որոնք կարող են լինել նաև գիտնականներ, բերել հոսքագծեր և թողարկել արտադրանքը։ Դա պետության գործն է։

Ինչու Հայաստանում պատշաճ չի ֆինանսավորվում գիտությունը

Պատճառը քաղաքական է՝ գիտության մեջ ներդրված գումարը երկարաժամկետ է, արդյունքները երբեմն տեսանելի չեն լայն հանրությանը։ Քաղաքական գործիչը կամ կուսակցությունը կարծում է, որ մեկ ընտրական ցիկլի ժամանակահատվածում տրամադրած ֆինանսավորումն ընտրության ժամանակ չի կերպափոխվի ձայների։ Նրանք գերադասում են գիտության համար անհրաժեշտ գումարը ծախսել սոցիալական մեկանգամյա միջոցառումների, պարտավորությունների ներման, ասֆալտապատման և այլ առավել նյութական ու տեսանելի խնդիրների լուծման ուղղությամբ։

Բացի այդ՝ վարչարարի գնահատմամբ քիչ հավանական է, որ գիտնականները կազմակերպված կներկայացնեն իրենց պահանջները և հրապարակային բողոքի գործողություններ կիրականացնեն։ Բացի դրանից՝ Հայաստանում բուհական և գիտական բարձրաստիճան պաշտոնատար անձինք երբեք չեն գլխավորել պահանջների ներկայացումը։

 

Հետգրություն թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Գոռ Մարգարյանին։

 

Արաբագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել