Ներքաղաքական ճգնաժամ ասելով՝ պետք է հասկանանք դրա պարամետրերը։ Կա Կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, որոնք կայուն են։ Այս մասին 1in.am լրատվականին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք ներքաղաքական ճգնաժամ Հայաստանում։
Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ հետպատերազմյան շրջանում ծագել են շատ հարցեր, և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ, իսկ կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունը՝ այդ պատասխանները գտնելու հարցում կառուցողական լինելու առումով։
«Նախորդ տարվա վերջում ես հանդես եկա առաջարկով՝ առաջին հերթին խորհրդարանական ուժերին ուղղված՝ իրականացնելու խորհրդարանական արտահերթ ընտրություններ 2021 թվականին, բայց առաջարկը մերժվեց, և մեզ համար ակնհայտ էր, որ մենք տեսնում ենք ընտրությունները որպես գործիք՝ պարպելու այն լարվածությունը, փոխելու այն մթնոլորտը, որը պատերազմից հետո հասկանալիորեն հաստատվել է Հայաստանում, ցավոք, տեսանք, որ կան ուժեր, որոնց համար ուղիղ հակառակն է, և ոմանք խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը, որը մերժվում է իրենց կողմից, և այս հետևությունը բխում է իրենց մերժումից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողությունների հարթակ, ինչի արդյունքում Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, բայց ավելի կարևոր է, որ դրա արդյունքում կահագնանան նաև արտաքին մատահրավերները, և այս ամենի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Դա է պատճառը, որ, ըստ էության մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից և ընդհանրապես ընդդիմությունից, որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի բնականոն իրագործմանը, և, ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այն կիրականացվի, կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք չասեցին՝ ընտրություններ պետք է լինեն, նույնկերպ չեն կարող ասել, որ ընտրություններ չպետք է լինեն։
Վարչապետի խոսքով՝ եթե քաղաքական դաշտի, ընդդիմության մեծ մասը մերժում է ընտրություններ անցկացնելու օրակարգը, դրա իմաստը կորում է, որովհետև, նրա խոսքով, իրենց առաջարկն էր Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողովրդին, բայց «քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասցեին, տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով»։
«Եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն ձևակերպել համաձայնություն՝ հետպատերազմական քաղաքական իրադրությունը հաղթահարելու շուրջ, իհարկե, երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դնի»,- ընդգծեց վարչապետը։
Նա նշեց, որ մթնոլորտի լիցքաթափման հաջորդ գործիքը ճանապարհային քարտեզի արդյունավետ իրագործումն է, և այն, նրա խոսքով, բավականին հաջողությամբ իրագործվում է։
«Այսօրվա դրությամբ Արցախում շուրջ 23 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացրել, որը վերաբերել է ամենատարբեր ոլորտներին, հիմնականում սոցիալական և պետական աջակցության ոլորտներին, և ընդհանուր փաթեթը, որ ընդունված է այս պահին, և որը պետք է իրականացվի Արցախում, կհասնի շուրջ 50 միլիարդ դրամի։ Նաև ՀՀ-ում ենք ծրագրեր իրականցնում։ Կարևոր եմ համարում պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը, պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին, վիրավորվածներին աջակցելու ծրագիրը, այն ծրագիրը, որով պատերազմին մասնակցած մեր եղբայրներին կամ քույրերին կամ նրանց ընտանիքի անդամներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ենք իրականացնում, հիմա քննարկում ենք լայնածավալ հիպոտեքային ծրագիր ընդունելու հարցը Արցախում և ՀՀ սահմանամերձ գյուղերում։ Շատ կարևոր եմ համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները, որ մենք վճռականորեն իրականացնում ենք։ Ըստ էության, տնտեսությունը արձագանքում է մեր իրականացրած միջոցառումներին․ փետրվարի առաջին 20 օրերի տվյալներով՝ մեր երկրում ապրանքաշրջանառությունը շուրջ 44 միլիարդ դրամով գերազանցում է 2020 թվականի փետրվարի առաջին 20 օրվա ցուցանիշը․ դա 13 տոկոսով ավելի է։ Հաշվի առեք, որ նախորդ տարվա փետրվարին կորոնավիրուսի համաճարակը տնտեսական նեգատիվ ազդեցություն չէր բերել, և նախորդ տարվա փետրվարը իր հերթին շատ լուրջ աճ էր արձանագրել 2019 թվականի փետրվարի նկատմամբ, որը շատ լուրջ տնտեսական վերելքի ժամանակաշրջան էր։ Իսկ քաղաքական իրադրության հետ կապված՝ ես կարծում եմ՝ այլ ճանապարհ, քան երկխոսությունը, քննարկումները, ընդհանուր օրակարգի և ռազմավարական օրակարգի ձևակերպումը, չկա, ինչը մեր ճանապարհային քարտեզի անբաժանելի մասն է, և մենք այս ընթացքում նաև քաղաքական քննարկումներ ենք ունեցել՝ հաջող և անհաջող․ մենք այդ ճանապարհը իհարկե պետք է շարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե արդյո՞ք տարօրինակ չէ, որ ռադիկալությունը դրսևորվում է այն ուժերի կողմից, որոնց մերժել է հեղափոխությունը, որ տպավորություն է, որ ընդդիմության այդ սեգմենտը կգլխավորեն երկրորդ և երրորդ նախագահները, Փաշինյանը նշեց, որ այդ շրջանակների վերաբերմունքը կառավարության նկատմամբ պատերազմից առաջ և հետո չի փոխվել։
«Հիմնավորումներ և ձևակերպումներ են փոխվել, բայց, մեծ հաշվով, վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել։ Այդ վերաբերմունքը արձանագրվել է 2018-ին, 2019-ին, 2020-ին՝ պատերազմից առաջ։ Այսօր կան կառավարության հրաժարականը պահանջող ուժեր, որոնք այդ հրաժարականը պահանջում էին նաև 2018-ի հուլիսին»,- հավելեց վարչապետը։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե ինքը լիներ երկրի ղեկավար, Հայաստանը այս պարտությունը չէր կրի՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցանկացած ոք, ով 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին ՀՀ ղեկավարը չի եղել, կարող է այդ նույն բանն ասել, և ոչ մեկը հակառակը չի կարող ապացուցել։
«Պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը։ Շատ լավ, եթե սա պարտություն է, որ ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՊՆ-ում, ԶՈՒ ԳՇ-ում տեղի է ունենում վերլուծական աշխատանք՝ ապացուցելու պատերազմի մասին ողջ ճշմարտությունը։
«2019-ին, 2018-ի հետ համեմատած, շուրջ 23 տոկոսով պաշտպանական, ռազմական ծախսերը ավելացել են ՀՀ-ում, շուրջ 50 միլիարդ դրամով։ Մեր առաջին գործողություններից մեկը եղել է ԶՈՒ մարտունակության բարձրացումը։ Այսօր կարող ենք հետահայաց նայել և տեսնել, թե ինչ էր ասում մերժվածը (Սերժ Սարգսյան - խմբ․) 2018-ի ապրիլին։ Նա ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է, և որ այլևս մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը։ Այսինքն՝ փակուղիում է բանակցային գործընթացը, և այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը չի հարձակվելու, մինչև այդ դեռ կարելի էր հույս ունենալ, բայց դրանից հետո այլևս չի կարելի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը հայտնեց, որ սպառազինության և տեխնիկայի գնման պլանի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ «2018-2020թթ․ համար նախատեսված էր ձեռք բերել հազարից ավելի հետախուզական և հարվածային ԱԹՍ, բայց նոր իշխանությունները սպառազինության պլանը փոխեցին»։
«Նրանք, ովքեր պնդում էին, որ փոփոխություն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են։ Կարևոր է արձանագրել, թե ինչ է ասել ԳՇ նախկին պետը։ Շատ լավ, մենք գրում ենք, որ պետք է գնենք, իսկ ով է, որ մեզ վաճառելու է այն որակյալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է։ Եվ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արվում են քաղաքական և դիվանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունվել դաշնակիցների և բարեկամներ կողմից։ Օրինակ՝ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ես ինչ քայլեր եմ ձեռնարկել բանակի և ԶՈՒ նկատմամբ․ ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ԶՈՒ ոլորտում։ Պաշտպանության նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի իշխանության օրոք երկար տարիներ եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, և միակ մարդն է եղել, որ 2018-ին մերժվածի կառավարությունում ունեցել է նախարարի կարգավիճակ և իմ կառավարությունում շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու է այդպես վարվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով՝ այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է շատ նեգատիվ հետևանքների բերել․ «Նկատի ունեմ, որ այն բանակը, որ ունեցել ենք 2020-ին, նույնն է, որ ունեցել ենք 2018-ին՝ այն տարբերությամբ, որ այստեղ բարձրացվել են աշխատավարձեր սպայական անձնակազմի, որ մեկ տարում ռազմական ծախսերը աճել են 20 և ավելի տոկոսով, և մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ սկսած կենցաղայինից՝ վարտիքից սկսած մինչև սնունդ, սպառազինություն և այդպես շարունակ։ Իմ կանխավարկածը ԶՈՒ գործունեության եղել է այն, որ այդտեղ քաղաքական և հեղափոխական միջամտություններ ընդհանրապես չպետք է լինեն»։
Լրագրողի այն դիտարկմանը, որ հետագիծը տանում է այնտեղ, որ այսօր կա պաշտպանության նախարարի ձերբակալված խորհրդական՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով, վարչապետն ասաց, որ այդ առիթով քրգործեր հարուցվել են դեռևս 2018-ին։
Նա պարզաբանեց նաև այն հարցը, թե ինչու բանակում հեղափոխական փոփոխություններ չեն արվել՝ նշելով․ «2018-ին եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել, և եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ, այսինքն՝ մենք խնդիր ենք դրել պարտադրել, որ մատակարարումները իրականացվեն։ Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այն չի կարելի փակել, քանի դեռ չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ նույնպիսի վատ խողովակ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակհատվածում։ Իսկ ո՞վ է երաշխավորը, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»։
Լրագրողն արձագանքեց այս դիտարկմանն՝ ասելով, որ կարող էին կանխել կոռուպցիայի ճանապարհը, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց․ «2018-ից ի վեր բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրգործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակը շտկելը։ Բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին՝ սկսած նրանից, որ զինվորին արձակուրդ էին տալիս, գումար չեն տալիս և ասում են՝ մեքենա կգա, քեզ կտանի։ Էս կարգի պրոբլեմներ են եղել, որոնք էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա։ Բազմիցս եմ ասել, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը»։
Վարչապետն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը «զարմացած է, թե պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը իսկանդերը ինչու չի կրակել»։ Նա նշեց, որ «մերժվածը պետք է բազմաթիվ հարցերի պատասխան իմանա, և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։
«Իսկ գուցե պատասխանեն, թե ինչու կրակած իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ընդգծեց նա։
Արձագանքելով նաև Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, վերջինս ասաց․ «Բայց մերժվածն ո՞վ էր, որ իշխանություն փոխանցեր ինչ-որ մեկին։ Ժողովուրդն է որոշում՝ ում փոխանցի»։
Նա նաև մեկնաբանեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե նա նա երրորդ անգամ ՀՀ ղեկավար էր ցանկանում դառնալ Լավրովյան պլանը իրագործելու համար։
«Իսկ ի՞նչն էր խանգարում դա անել դրանից առաջ։ Իսկ ո՞րտեղ էր երաշխիքը, որ կստացվեր դրանից հետո։ Ի՞նչն էր խանգարում ԱԺ ամբիոնից դա հայտարարել։ Ուրիշ բան էր հայտարարվում, որ հույս չկա բանակցային գործընթացից, և ամեն վայրկյան կարող է սկսվել պատերազմ։ Իսկ այդ վայրկյանին ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում։ Կարելի է ասել, որ երեք օր էլ ձգեի, ԼՂ հարցը կլուծեի, բայց ի վերջո պատմություն կա, և այն բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել։ Երբ այդ մարդիկ իշխանության էին գալիս 1998-ին, ասում էին, որ անթույլատրելի է տարածքներ հանձնելու և փուլային տարբերակով հարցը լուծելու որևէ մոտեցում։ 98-ից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին․ սա որպես նվազագույն պայման։ Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, իհարկե խոսք է եղել նաև Արցախի կարգավիճակի մասին, բայց ինչ կարգավիճակի հեռանկարն են գոյություն ունեցել․ սա է ամենակարևոր հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժո՞ւմ էր։ Նշենք, որ նման պնդում արել էր Սերժ Սարգսյանը վերջին լայնածավալ հարցազրույցի ժամանակ։
«Եթե որևէ մեկը ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և ԼՂ նկատմամբ այնքան սեր և գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որ գուցե խանգարում էր շատ հարցերի նայել գետնին կպած, շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել։ Եկեք տեսնենք, թե 2018-ից հետո ինչ ծրագրեր ենք իրականցրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում։ Էլի եմ ասում՝ եթե մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը գուցե թե կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել»,- արձագանքեց վարչապետը։
Նոյեմբերի 9-ի երեկոյան տեղի ունեցածը զանգվածային անկարգությո՞ւն էր, թե՞ հեղաշրջման փորձ։
«Այդ գործի քննությունը շարունակվում է, և տասնյակ մարդիկ փախուստի մեջ են և փնտրվում են իրավապահ մարմինների կողմից։ Այն, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք ներգրավված են եղել, և եթե հետահայաց վերլուծենք նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը, և այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, գուցե թե ՀՀ ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր, և դրա նպատակը թորևս ոչ միայն ուղղակի իշխանության հարցը լուծելն էր, այլև ամենատարբեր ճշմարտություններ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչնչացնելը։ Բայց, փառք Աստծո, այդ ճշմարտություններ կան պետական գաղտնիքի ձևով, և չի հաջողվի դրանք ոչնչացնել։ Կան ձերբակալվածներ, կալանավորվածներ այդ գործով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ո՞րտեղից է վստահությունը, որ կայծակնային ապստամբություն հնարավոր չէ անել։
«Իշխանությունը արձագանքում է օրենքի և օրինականության սահմաններում։ Չէի ցանկանա, որ մենք քաղաքական հայտարարությունները խառնենք ապօրինի հայտարարությունների հետ, որովհետև ժողովրդավարությունը նույնպես շատ կարևոր է մեր երկրի համար, և չի կարելի թույլ տալ, որ որևէ կերպ մեր կառավարության և իրավապահ համակարգի գործունեությունը հնարավոր լինի օբյեկտիվորեն ձևակերպել որպես քաղաքական կամ անձնական հետապնդում։ Այլ բան, որ կան դեպքեր, երբ իրավապահ համակարգը ճշգրիտ արձագանքում է, սակայն դատական համակարգի արձագանքները առնվազն հարցեր են առաջացնում»,- նշեց Փաշինյանը։
Կա հանրային տպավորություն, որ ՀՀ-ում երևացող կամ անգամ չերևացող կապիտալի իշխանությունը ավելի զորեղ է, քան քաղաքական իշխանությունը։
«Փողը ՀՀ-ում միշտ եղել է իշխանության մաս։ Մեր իշխանության առանձնահատկությունն այն է, որ մենք ունենք օրենքով սահմանված լիազորություններ և մենք չունենք փող՝ բառիս անձնական կամ խմբային իմաստով։ Մենք ոչ ընդդիմություն եղած ժամանակ, ոչ իշխանություն փողով զանգվածային միջոցառումներ չենք կազմակերպել ոչ միայն այն պատճառով, որ խմբային փող չենք ունեցել և չունենք, այլ որովհետև դա դեմ է մեր արժեքային համակարգին։ Համաձայն եմ, որ մեր իրավապահ մարմինները այս դեպքերին պետք է արձագանքելու ավելի արդյունավետ ձևեր գտնեն»,- ասաց վարչապետը։
Մեր ձախորդությունների հիմնական պատճառը ՀՀ-ում պոպուլիստական իշխանություն ունենա՞լն է։
«Ի՞նչ է նկատի առնվում՝ պոպուլիստական իշխանություն ասելով։ Այսինքն՝ ՀՀ-ում հաջողության գրավականը կոռումպացված իշխանություն ունենա՞լն է, դա՞ է նկատի առնվում։ Հայաստոնւմ, ցավոք սրտի, մի կայացած ինստիտուտ է եղել, և դա եղել է կոռուպցիան։ Մենք ոչնչացրել ենք համակարգված կոռուպցիան, ու կանգնել, շիվարած մնացել, որովհետև ՀՀ-ում առանց կոռուպցիայի ոչ մի բան չի աշխատել, և մենք 2018-ին իշխանության գալով՝ ոչնչացրել ենք երկրի միակ կայացած ինստիտուտը՝ կոռուպցիան։ Ասում ենք դատաիրավական համակարգ, սկսած շինթույլտվությունից՝ ամեն ինչ դանդաղեկ է և տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվել, ինչո՞ւ, որովհետև շարժիչ ուժը ոչնչացված է, ու պարզվել է, որ այն ինստիտուստներ այն աստիճանի կայացվածություն չունեն, որ գոնե առանց կոռուպցիայի կարողանան աշխատել։ Որովհետև պետական կառավարման համակարգում մարդը, որը պետք է ստորագրի միլիոնների գործարքին ընթացք տալու հարցը, ստանում է 120․000 դրամ աշխատավարձ: »,- նշեց նա։
Հետպատերազմյա իրադրությունը փոխե՞լ է վերաբերմունքն Ամուլսարի նկատմամբ:
«Իմ վերաբերմունքը չի փոխել, որովհետև ես այն կարծիքին եմ, ինչ կարծիքի եղել եմ մի տարի առաջ: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը, ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հավանականություն կա, որ հանքը կբացվի։
Ինչո՞ւ է ձգձգվում Մարտի 1-ի գործը։
«Ոչ միայն Մարտի 1-ի գործը։ Մենք ունենք գործեր, որոնք օրինակ արդեն երկար ամիսներ դատարանում են, բայց այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Որպեսզի հանրությանն այս տերմինի տարբերությունը կարողանանք ներկայացնել, ո՞րն է դատաքննության փուլը. երբ սկսվում են հետազոտվել ապացույցները, թե առաջադրված մեղադրանքն ինչքանով է հիմնավորված: Մենք ունենք այսպիսի բազմաթիվ գործեր, ընդ որում շատ հայտնի անձանց, ամբաստանյալների ներգրավմամբ, որոնք այդպես էլ դատաքննության փուլ չեն մտնում: Ամիսներով դատ է գնում, և դեռևս քրեական գործը չեն բացել, տեսնեն՝ ի վերջո մեջն ինչ է գրված»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ և՛ Դատախազությունը, և՛ Արդարադատության նախարարությունը, և՛ Բարձրագույն դատական խորհուրդը և՛ ի վերջո Ազգային ժողովն անելիք ունեն այն բանում, որ դատարանին հարցնեն, թե ինչու է այդպես։
Վեթինգի գործի՞քը, որը, ցավոք, չկիրառվեց:
«Իրականում վեթինգի այն գործիքը, որը հնարավոր էր Հայաստանի Սահմանադրության պայմաններում կիրառել՝ կիրառվում է: Հենց այսօր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է և շարունակելու է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների գույքային իրավիճակի ստուգումը: Ընդ որում, այս գործիքն արդյունավետ դարձնելու համար օրենսդրորեն հնարավորություն ենք տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասանելիություն ստանալ բանկային գաղտնիքների նկատմամբ: Այսինքն, եթե որևէ դատավոր կոռումպացված է, եթե չեն կարող ասել՝ բոլորն առանց բացառության կոռումպացված են, բայց եթե որևէ դատավոր կոռումպացված է՝ այդ կոռուպցիան պետք է ունենա գույքային որևէ հետք: Գույքային հետքը գտնելու մեխանիզմը բանկային գաղտնիքն է և ունեցվածքի վերաբերյալ պատկերացում կազմելու գործիքները տալը: Մենք այդ գործիքները տվել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և եթե էլի գործիքներ անհրաժեշտ լինեն՝ այդ գործիքներն էլ կտանք: Էլ չեմ ասում, որ նոր ընդունվող դատավորների, նոր դատավորի կարգավիճակ ստացող անձանց վերաբերյալ այդ գործողությունը կրկնակի, եռակի անգամ ավելի խորությամբ է իրականացվում: Իսկ ինչո՞ւ մյուսների նկատմամբ եռակի անգամ ավելի խորությամբ չի իրականացվում, որովհետև կա սահմանադրական արգելք: Բայց նաև սա չի նշանակում, թե այդ պրոցեսն այլընտրանքային եղանակներով օրինական ձևով իրականացնելու հնարավորություն չկա: Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունը կօգտագործվի»,- նշեց վարչապետը։
comment.count (0)