Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ Սերժ Սարգսյան
21:54 - 15 փետրվարի, 2021

Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ Սերժ Սարգսյան

Այսօր՝ «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, թե 2018-ի «Թավշյա հեղափոխությունն» ուղիղ կապ ուներ արցախյան հիմնահարցի հետ։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ․ գարնանը, հակաղարաբաղյան շարժում էր․ ոչ միայն հակաղարաբաղյան, այլ նաև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքին, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Նախ, իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային գործընթացում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական են լինելու մեր երկրի համար, համաձայնեցի ընտրվել վարչապետ»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանի նշեց, որ  շատ լավ հասկանում է այն մարդկանց, որոնք ասում են, թե ինչու 2018-ի շարժման  նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ապա հավելեց, որ մյուս կողմից ուզում է՝ իրեն հասկանան։ Ըստ Սարգսյանի՝ որևէ նախադրյալ չկար, որ 2018-ի  շարժումը կարող էր այդպիսի թափ ստանալ։ 

Խոսելով այն մասին, թե ասում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «պրոյեկտն» է, Սերժ Սարգսյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն իր տեսադաշտում առաջին անգամ հայտնվել է 90-ականների սկզբներին, երբ ինքը եղել է պաշտպանության նախարար։ Ըստ Սարգսյանի՝ Փաշինյանն այն ժամանակ մանիպուլյատիվ է ներկայացրել ռազմաճակատում եղած խնդիրները։ Սարգսյանը հայտնեց, որ բացի դրանից, ինքը և Փաշինյանը հանդիպել են ևս երկու անգամ՝ 90-ականների վերջին դատարանում և 2018-ին «Մարիոթ» հյուրանոցում։ Սարգսյանը վստահեցրեց, որ Փաշինյանի հետ այլ հանդիպումներ չեն եղել։

Հարցին, թե պաշտոնավարման օրոք Նիկոլ Փաշինյանը փորձե՞լ է նրա հետ կապ հաստատել՝ խոսելու Արցախի հարցով, Սարգսյանը պատասխանեց, թե նման բան չի եղել, ինչի համար ուրախ է, քանի որ ինքն էլ այդպիսի ցանկություն չուներ։

«Կաիտուլանտը (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանը- խմբ․) իմ նախագիծը չէ։ Նա այն ուժերի նախագիծն է, որոնց հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։ Կապիտուլանտին ընտրել է մեր խաբված ժողովուրդը այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև․ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք, փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել,  դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորելու»,- ասաց նա։

Անդրադառնալով իր հրաժարականի հայտնի տեքստին, որտեղ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ինքը սխալվել է՝ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունը խմբագրել է երեք անգամ․ ապրիլի 23-ի առավոտյան ավելացրել է մի քանի նախադասություն, հետո այդ նախադասություններից կրճատել որոշ բաներ, քանի որ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն ավելի թեժացնել։

«Երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ․ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն»,- ասաց նա։ 

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ ժամանակ խոսքը եղել է ոչ թե իշխանությունը շարժման առաջնորդներին փոխանցելու, այլ իր հրաժարականի մասին։

«Ես չեմ կարծում, որ Կարապետյանն իրենց այլ բան կասեր։ Կարապետյանը նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր։ Ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին․ այստեղ որևէ կասկած չկա։ Իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ո՛չ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին»,- ասաց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել