Հայկական կողմի նախաձեռնությամբ, մայիսի 13-ին` ուշ երեկոյան, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին հրադադարի ռեժիմի խիստ պահպանման առումով:
Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու ու Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների վերաբերյալ:
comment.count (0)