tert.am: Ստամբուլի դատարանը ներկայացրել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մանրամասն վճիռը՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին մեղադրելով սպանության կազմակերպման համար, հայտնում է Ahval թերթը։
4532 էջանոց վճռի համաձայն՝ Ստամբուլի 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանությունը վերագրել է Գյուլենի «Հիզմեթ» շարժմանը՝ մասնավորապես ոստիկանության նախկին բարձրաստիճան սպաներ Ֆարուք Սարըին, Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին։ Վերջին երկուսը մեղադրվում են սպանությունը մշակելու և շարժման շահերն առաջ տանելու նպատակով ցանկացած հետաքննության խոչընդոտելու համար։
Վճռի համաձայն՝ Յըլմազերը կապի մեջ է եղել Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության նախկին հրամանատար Մուհարրեմ Դեմիրքալեի հետ, որի ենթակաները հետևել են Հրանտ Դինքին մինչ իր սպանության օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին։
Գյուլենական շարժման անդամները մեղադրվում են 2016 թվականի հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգներում տեղակայված գյուլենական կազմակերպության անդամները մաս են կազմել Թուրքիայի ոստիկանության՝ մինչ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հետ բախումը։
comment.count (0)