«Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց»․ Բ. Թունյանը` Վ. Հակոբյանին |hetq.am|
17:12 - 10 օգոստոսի, 2021

«Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց»․ Բ. Թունյանը` Վ. Հակոբյանին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում քննարկվում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Ըստ Դոնթի բանաձևի` 9 հանձնաժողովում նախագահելու իրավունք ունի խորհրդարանական մեծամասնությունը, 3-ում` երկրորդ ուժը` «Հայաստան» խմբակցությունը: Եւ ահա ընդդիմադիր խմբակցության ընտրած հանձնաժողովներից մեկն էլ Տնտեսականն է: Այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը:

Նախորդ գումարման խորհրդարանում այս հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմության` հանձնաժողովի ընտրությանը:

«Պարոն Հակոբյան, շատ ճաշակով ընտրություն եք արել, որովհետև Տնտեսական հարցերի հանձնաժողովն ամենահետաքրքիրներից է, նաև շատ համաձակ ընտրություն է, որովհետև ամենածանրաբեռնվածներից է Պետական-իրավական հարցերով հանձնաժողովից հետո»,- ասաց նա:

Թունյանի խոսքով` անցած 2,5 տարվա ընթացքում հանձնաժողովում քննարկվել է 300-ից ավելի նախագիծ, այդ թվում՝ 240 նախագիծ ամբողջությամբ ընդունվել է, եղել են նաև բացասական եզրակացությամբ, ինչպես նաև շրջանառությունից դուրս եկած նախագծեր:

Բաբկեն Թունյանն անկեղծացավ` զարմացել է ընդդիմության ընտրությունից.

«Տնտեսական հարցերի հանձնաժողովն այն հիմնական պլատֆորմներից է, որի միջոցով Կառավարությունն իրականացնելու է իր տնտեսական օրակարգը: Նշածս 240 նախագծերից 200-ը Կառավարության հեղինակածն են: Կառուցողական և թիմային աշխատելու Ձեր պատրաստակամությունն ինձ բավականին ուրախացրեց, որովհետև ստացվում է` պատրաստակամություն եք հայտնում Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ մեր թիմի ու Կառավարության տնտեսական օրակարգի առաջխաղացմանը: Դա միայն օգուտ կլինի, Դուք բիզնեսից եք եկել, համոզված եմ, որ օգտակար խորհուրդներ կտաք»,-ասաց պատգամավորը:

Թունյանն անդրադարձավ նաև այն քննարկումներին, թե իշխանությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը զիջել է ընդդիմությանը` պարզաբանելով, որ հանձնաժողովն իշխանությանը չէր պատկանում, այլ ընդդիմությունն օրենքով սահմանված կարգով ընտրել է այդ հանձնաժողովում նախագահությունը: Նա նաև հավելեց, որ հանձնաժողովն ունենալու է 12 անդամ, որից  8-ը քաղաքական մեծամասնության պատգամավորներն են լինելու, 4-ը` ընդդիմությունից:

«Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը և ոչ ավելին: Նա ունի նույնպիսի մեկ ձայն, ինչպես մյուս պատգամավորները:  Չնայած մենք տարբեր քաղաքական հայացքներ ենք կիսում, բայց բոլորս նույն «նավում» ենք, և էն խնդիրները, որ մեր առջև ծառացած են, պիտի հավասարաչափ բոլորիս մտահոգեն»,-եզրափակեց Բաբկեն Թունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել