Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ ի՞նչ են սահմանում օրենքներն ու ՍԴ որոշումը
22:28 - 01 նոյեմբերի, 2021

Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ ի՞նչ են սահմանում օրենքներն ու ՍԴ որոշումը

Ընդդիմությունը վիճարկում է համայնքների խոշորացման նոր նախագծի սահմանադրականությունը

Սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով առաջարկվում է 441 համայնքների միավորմամբ ձևավորել 37 խոշորացված համայնք։ Վարչատարածքային նոր փոփոխություններից հետո Հայաստանում կլինի 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված 5 համայնք, որոնք չեն խոշորացվի։

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց՝ օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին։

ԱԺ-ում նախագծերի փաթեթի ընդունումից հետո ընդդիմադիր խմբակցությունները կոչ արեցին նախագահ Արմեն Սարգսյանին դիմել ՍԴ՝ ընդունված օրենքների՝ Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ճեպազրույցներից մեկում նշեց, որ փաթեթն ընդունվել է ՍԴ որոշման խախտմամբ․ «ՍԴ որոշումը՝ երեք ամիս առաջ ընդունված, ուղղակի ասում է, որ համայնքների խոշորացումն ունի կոնկրետ ձև և բովանդակություն։ Տեղական լսումներ պետք է լինեն, տեղական հանրաքվե պետք է անցկացվի կառավարության բյուջետային միջոցների հաշվին։ Դրանցից որևէ մեկը դուք տեսե՞լ եք․ չեք տեսել, որովհետև չեն արել։ Ավելի խոշոր համայնքների դեպքում ՍԴ-ն ասել էր` տեղական հանրաքվե արեք։ ՍԴ որոշումները նրա համար են, որ խստորեն պահպանվեն, ոչ թե խստորեն խախտվեն։ Իսկ խախտվելու դեպքում լինելու են քրեական հետապնդումներ»։

Նախագահը, սակայն, չդիմեց ՍԴ և ստորագրեց կառավարության հեղինակած օրենքները։ «Հայաստան» խմբակցությունը նախագծերի փաթեթը վիճարկեց ՍԴ-ում և փաթեթի գործողությունը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ նշում է՝ ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման գործընթացը չշարունակվի․ «Գործընթանցերն իրենց բնական հունով կընթանան, մինչև ՍԴ-ն կկայացնի որոշումը։ Ես վստահ եմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց եթե բարձրաձայնեմ, կասեն՝ իշխանական պատգամավորը կարծիք է հայտնում ՍԴ-ում գտնվող գործի վերաբերյալ։ Ամեն դեպքում, խոշորացման գործընթացը նոր չէ, որ սկսվել է, և դրա սահմանադրականությունը երբևէ չի վիճարկվել։ Այդ նույն գործընթացը շարունակվում է, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին։ Տեղական հանրաքվեներ և հարցումներ եղել են, այն փաստերը, թե չեն եղել այդպիսիք, իրականությանը չեմ համապատասխանում»։

 

Տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացումից առաջ․ պատմություն

Նախ հասկանանք, թե Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախկինում ինչպես էր կարգավորվում համայնքների միացումից և բաժանումից առաջ բնակիչների կարծիքը լսելի դարձնելու հարցը։

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրականացվեց 2016-ին։ Այդ ժամանակ ձևավորվեցին խոշորացված առաջին համայքները՝ Դիլիջանը, Թումանյանը և Տաթևը։

2015-ին գործող Սահմանադրությամբ (ընդունվել է 2005-ին)՝ համայնքների միավորումից և բաժանումից առաջ կառավարությունը պետք է պարտադիր տեղական հանրաքվեներ նշանակեր համապատասխան համայնքներում, և հանրքավեների արդյունքները պետք է կցվեին կառավարության՝ վարչատարածքային փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը (Հոդված 110)։

Այն ժամանակ գործող «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով սահմանվում էր, որ կառավարության նշանակած տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին (Հոդված 21)։

Այդ տեղական հանրաքվեների արդյունքները, սակայն, ունեին խորհրդատվական բնույթ․ համայնքները կարող էին խոշորացվել՝ անկախ հանրաքվեների արդյունքներից։

2015-ի վերջին Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի կազմում միավորվող համայնքներում անցկացվեցին տեղական հանրաքվեներ (հանրաքվեների արդյունքների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ

2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո համայնքների միավորումից և բաժանումից առաջ տեղական հանրաքվեների անցկացումն արդեն պարտադիր չէր։ Սահմանադրության 190-րդ հոդվածում նշվում է հետևյալը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։

2016-ի օրենսդրական փոփոխություններով ուժը կորցրած ճանաչվեց «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, ըստ որի՝ համայնքները միացնելու կամ առանձնացնելու հարցով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ:

Միայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 94-րդ հոդվածով սահմանվում էր, որ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում այդ համայնքների ղեկավարներն իրավունք ունեն ԱԺ ներկայացնելու միավորման կամ բաժանման վերաբերյալ իրենց գրավոր կարծիքը, իսկ ԱԺ-ում կամ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալու հարակից զեկուցմամբ:

2016-ին և 2017-ին համայնքների խոշորացման երկու ծրագիր իրականացվեց։ Խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս չէր պարտադրում հանրաքվեների անցկացումը։

2018-ին՝ նոր կառավարության ձևավորումից հետո, ընդունվեց «Տեղական հանրաքվեի մասին» նոր օրենք։ Այս օրենքը, ինչպես նախորդը, սահմանում էր, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեն համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը և համայնքի ղեկավարը:

2019-ին օրենքում փոփոխություններ կատարվեցին։ Սահմանվեց, որ երբ կառավարությունը համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնում, համապատասխան համայնքների բնակիչները կարող են նախաձեռնել տեղական հանրաքվեներ, որոնք, ինչպես մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունները գործող կարգավորումների ժամանակ, ունեն խորհրդատվական բնույթ։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ևս մի փոփոխություն կատարվեց։ 2018-ին ընդունված օրենքն ասում էր․ «Համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին» (Հոդված 8)։

2019-ի օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ համայնքի ղեկավարը կարող է մերժել տեղական հանրաքվեի անցկացումը նաև այն դեպքում, եթե չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

Նոր փոփոխություններով նաև սահմանվեց, որ  կառավարության՝ համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում տեղական հանրաքվե կարող են նախաձեռնել տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող և մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:

2019-ի փոփոխություններով, փաստորեն, վերականգնվեց համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Սակայն եթե նախկինում այդ հանրաքվեները պարտադիր էին, ապա այժմ կարող են անցկացվել միայն բնակիչների նախաձեռնությամբ։ Իսկ տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ծախսերը կատարվում են համայնքային բյուջեի միջոցների հաշվին (Հոդված 13): Եթե համայնքի բյուջեում չկան համապատասխան միջոցներ, համայնքապետը կարող է մերժել հանրաքվեի անցկացումը։

Ինչ վերաբերում է Հերիքնազ Տիգրանյանի պնդմանը, թե խոշորացվող համայնքներում տեղական հանրաքվեներ և հարցումներ եղել են, պատգամավորը սխալվում է։ Կառավարության հեղինակած օրենսդրական վերջին փաթեթի հրապարակումից հետո որևէ խոշորացվող համայնքում տեղական հանրաքվե անցկացնելու համար նախաձեռնող խմբի ստեղծման մասին հայտարարություն չի եղել։ Իսկ խոշորացումից առաջ տեղական հանրաքվե, հիշեցնենք, կարող են նախաձեռնել միայն տվյալ համայնքների բնակիչները։

Կառավարությունն e-draft հարթակում իր ներկայացրած նախագծերում (1, 2) հայտնել է միայն հետևյալը․ «Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների  հետ (նաև բնակիչների հետ` «Town Hall» ձևաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահե Ղալումյանն էլ ԱԺ-ում փաթեթի քննարկումից առաջ կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցել են պատգամավորներ, գործադիրի, մարզպետարանների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

ՍԴ որոշումը՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

Արամ Վարդևանյանը և «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ, խոսելով վարչատարածքային փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթի՝ Սահմանադրությանը հակասելու մասին, հղում են անում ՍԴ որոշումներից մեկին։

2021-ի գարնանը ՍԴ դիմում էին ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Նոր Հաճն համայնքների ղեկավարները։ Վերջիններիս դիմումի հիման վրա՝ ՍԴ-ն պետք է որոշեր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի հետևյալ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը․

  • 4-րդ հոդվածի 1.1-ին մաս- Կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:
  • 6-րդ հոդվածի 2-րդ մաս- Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:
  • 8-րդ հոդվածի 1-ին մաս- Սույն օրենքի 7-րդ, 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը նշանակում է տեղական հանրաքվե կամ մերժում է տեղական հանրաքվեի նշանակումը, եթե տեղական հանրաքվեի դրվող հարցը հակասում է օրենքին, կամ չեն տրամադրվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Համայնքի ղեկավարի` հանրաքվեի նշանակումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Դիմողները, փաստորեն, վիճարկում էին օրենքով կարգավորվող հետևյալ հարցերի սահմանադրականությունը․

  • համայնքի ղեկավարը համայնքների միավորումից կամ բաժանումից առաջ չի կարող տեղական հանրաքվե նախաձեռնել,
  • համայնքների խոշորացումից առաջ նախաձեռնված հանրաքվեն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով և բյուջեում համապատասխան միջոցների բացակայության դեպքում կարող է մերժվել։

«Չի նախատեսվել օրենսդրական կարգավորում առ այն, որ տեղական հանրաքվեի նախաձեռնման դեպքում Կառավարությունն առնվազն պետք է կասեցնի համայնքների միավորման կամ բաժանման օրենսդրական նախաձեռնության հետագա ընթացքը մինչև տեղական հանրաքվեի արդյունքները ստանալը։ Արդյունքում Կառավարությունը, ծանուցելով համայնքին, որ նախաձեռնել է համայնքների միավորման կամ բաժանման օրենսդրական նախաձեռնություն, կարող է այդ իրավական ակտի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով, նույնիսկ այն ճանաչել անհետաձգելի, իսկ Ազգային ժողովն էլ իր հերթին սահմանված կարգով այն քննարկել և ընդունել՝ առանց սպասելու տեղական հանրաքվեի արդյունքներին՝ փաստորեն, խախտելով համայնքներին լսելու պահանջը»,- նշում էր բողոքող կողմը։

Պատասխանող կողմը (Ազգային ժողովի ներկայացուցիչ) ներկայացրել էր հետևյալ դիրքորոշումները․

  • Համայնքների միավորման կամ բաժանման նախաձեռնության դեպքում համայնքի ղեկավարի՝ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքով միայն համայնքի բնակչությանն օժտելը չի հակասում Սահմանադրությանը, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ համայնքի ղեկավարն իրավունք ունի իր գրավոր կարծիքը ներկայացնելու Ազգային ժողով։
  • Կարգավորումը, ըստ որի՝ անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից տեղական հանրաքվեի նշանակումը մերժվում է, չի հակասում Սահմանադրությանը, քանի որ տեղական հանրաքվեի անցկացումը համայնքի բնակիչների կարծիքի վերհանման օրենսդրորեն ամրագրված մեխանիզմներից միայն մեկն է, որի իրականացման անհնարինության դեպքում համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ համայնքի բնակիչների համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող է արտահայտվել նաև հանրային լսումների ընթացքում առաջարկություններով և նախաձեռնություններով հանդես գալու միջոցով։
  • Համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին համայնքների ղեկավարներին պաշտոնապես ծանուցելու, իսկ վերջիններիս կողմից էլ համայնքի բնակիչներին իրազեկելու դեպքում նախաձեռնող խմբի ձևավորումը ենթադրում է համայնքի բնակիչների կողմից տվյալ հարցի կապակցությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու մասին, և այդպիսի գործընթացի առկայությունն արդեն իսկ հիմք է տալիս կառավարությանը նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մտցնելը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի դրա քննարկման ժամանակ նախագծին կից ունենալ նաև հանրաքվեի արդյունքները։

ՍԴ-ն, ուսումնասիրելով հարցը, եկել է հետևյալ եզրահանգումներին։

  • 2019 թվականի փոփոխություններով, ի թիվս այլնի, օրենսդիրը նեղացրել է համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, և դրանից դուրս են մնացել տեղական ինքնակառավարման մարմինները։
  • Թեև համայնքի բնակիչները զրկված չեն խնդրո առարկա հարցով տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ իրենց կամահայտնությունն արտահայտելու հնարավորությունից, սակայն օրենսդրական այդ կառուցակարգն առավել բարդ և ժամանակատար է ինչպես բնակիչների, այնպես էլ այդ գործընթացում ներգրավված իրավասու մարմինների համար (անհրաժեշտ է գրանցել նախաձեռնող խումբ, օրենքով սահմանված ժամկետներում հավաքել անհրաժեշտ թվով բնակիչների ստորագրություն, ստուգել դրանց վավերականությունը և այլն): Վերջին հանգամանքը գործնականում անխուսափելիորեն նվազեցնում է խնդրո առարկա հարցով տեղական հանրաքվե անցկացնելու հավանականությունը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքի լսելիությունն ապահովելու վրա։
  • Հանրային լսումների և քննարկումների կազմակերպման կառուցակարգը կարող է արդյունավետ լինել համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում շահագրգիռ համայնքների բնակիչների կարծիքն ԱԺ-ում լսելի դարձնելու նպատակով այն վեր հանելու համար հիմնականում այն դեպքում, երբ համայնքի բնակիչների թիվը համեմատաբար փոքր է։ Սակայն մեծաթիվ բնակչություն ունեցող համայնքների պարագայում միայն հանրային լսումները կամ քննարկումները չեն կարող տալ բնակիչների օբյեկտիվ կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն։ Փաստորեն, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց կողմից նախաձեռնող խումբ չձևավորվելու պայմաններում առանձին դեպքերում առկա չէ համայնքների միավորման կամ բաժանման գործընթացում համայնքների բնակիչների կարծիքը վեր հանելու իրական հնարավորություն, որպիսի պայմաններում ԱԺ-ի կողմից համայնքների կարծիքը լսելը վերածվում է սոսկ հռչակագրային բնույթ ունեցող պահանջի:
  • Այն դեպքում, երբ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի գնահատմամբ առկա չեն այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ համայնքների կարծիքը վեր հանելու այլ արդյունավետ կառուցակարգեր, նախաձեռնվող տեղական հանրաքվեի ֆինանսավորումը պետք է կատարվի պետության կողմից այն դեպքում և այնքանով, որքանով համայնքի բյուջեում բացակայում են տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, կամ առկա միջոցները բավարար չեն համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար:

Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ Ազգային ժողովում համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի կասեցման հարցին չի անդրադարձել, քանի որ, ինչպես նշում է ՍԴ-ն, այդ հարցը վերաբերում է Ազգային ժողովի գործունեության կազմակերպմանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորման շրջանակում է։ Համայնքապետերը, հիշեցնենք, ՍԴ էին դիմել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու  համար։

Այսպիսով, ՍԴ-ն կայացրել է հետևյալ որոշումները․

  1.  «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1.1-ին մասը, 6-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չեն ապահովում համայնքների միավորման կամ բաժանման հարցի վերաբերյալ համայնքի կարծիքը տեղական հանրաքվեի միջոցով արտահայտելու իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրական անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։
  2. Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը՝ նույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված կարգով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի կողմից տեղական հանրաքվեի դրվող հարցն ստանալուց հետո տեղական հանրաքվեի նշանակումն անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության հիմքով համայնքի ղեկավարի կողմից մերժման ենթակա լինելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։
  3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը՝ համայնքի բյուջեում համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայության կամ այդ միջոցների անբավարարության դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելը չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 190-րդ հոդվածին հակասող և անվավեր։

Նշենք, որ Սահմանադրության 179-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է․  «Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը»:

Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։

ՍԴ երկու դատավորներ՝ Աշոտ Խաչատրյանը և Արթուր Վաղարշյանը, հատուկ կարծիքներ են ներկայացրել։ ՍԴ երկու դատավորներն էլ նշել են (1, 2), որ համայնքապետերի դիմումի հիման վրա «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը ենթակա էր կարճման:

Ամփոփելով նշենք, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջն առաջին անգամ հանվել է դեռևս 2015-ին, իսկ 2016-ի ու 2017-ի խոշորացման ծրագրերից առաջ տեղական հանրաքվեներ չեն անցկացվել։ Այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար էր դաշնակցական Դավիթ Լոքյանը։

Այժմ «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Դաշնակցությունն», ի դեպ, սկզբում դեմ էր համայնքների խոշորացմանը և կառավարության 2015-ի օրենսդրական նախաձեռնությանը դեմ քվեարկեց։

Կուսակցությունը, սակայն, հետագայում սկսեց աջակցել համայքների խոշորացման գործընթացին։ 2016-ին Տարածքային կառավարման նախարար նշանակվեց Դավիթ Լոքյանը, իսկ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեցին։ 

Վերադառնալով «Տեղական հանրաքվեի մասին» օրեքին․ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի՝ վիճարկվող ակտն ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն իրավական ուժը կորցնում է ՍԴ որոշման՝ ուժի մեջ մտնելու պահից։ Բացառություն են այն դեպքերը, երբ ՍԴ-ն, ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշմամբ հետաձգում է այդ ակտի իրավական ուժը կորցնելը:

ՍԴ-ն իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի մի քանի հոդվածներ։ ՍԴ որոշումից հետո, սակայն, կառավարությունն այս օրենքում փոփոխություններ չի նախաձեռնել։ Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի  66-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ որոշման հրապարակումից հետո` ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, կառավարությունը ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և ԱԺ ներկայացնելը:

Համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ՝ հստակ նշել չենք կարող։ ՍԴ-ն ԱԺ-ում համայնքների խոշորացման կասեցման հարցին չի անդրադարձել, քանի որ այդ հարցն այլ օրենքի կարգավորման շրջանակում է։

«Հայաստան» դաշինքի՝ համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմումը ՍԴ մուտքագրվել է, սակայն դատարանի որոշումը դեռևս չի հրապարակվել։ 

Նշենք միայն, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 31.-րդ հոդվածի՝ գործը քննության ընդունելուց հետո ՍԴ-ն դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել