«Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ»․ նոր հնարավորություն՝  Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի մասնագետների համար
14:04 - 10 նոյեմբերի, 2021

«Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ»․ նոր հնարավորություն՝ Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի մասնագետների համար

Այս տարվա հուլիսին «Ապագա Հայկականը» նախաձեռնությունն ու «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագիրը էներգետիկայի ոլորտի մասնագետների հետ քննարկում անցկացրին՝ գնահատելու Հայաստանի էներգետիկ հնարավորություններն, ազատությունն ու ապագան։ Կարծիքներ կան, որ համաշխարհային էներգետիկ շուկայում նավթի ու գազի դերի նվազեցումը, ապաեւ արեւային ու քամու էներգիայի զարգացումը Հայաստանին լավ հնարավորություններ են տալիս էներգետիկ ոլորտում աշխարհի առաջատարներից մեկը դառնալու համար։ Սակայն դրա համար անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել լավագույն փորձն ու համախմբել ոլորտի մասնագետներին, կրթել ապագա պրոֆեսիոնալների։

Հայկ Օհանյանը, որ էներգետիկայի տեխնիկական եւ տնտեսական խորհրդատու է, նավթի եւ գազի գործառնական արդյունավետության փորձագետ, շրջակա միջավայրի կառավարման եւ վերականգնվող էներգիայի մասնագետ Հասմիկ Բարսեղյանի հետ հիմնադրել է «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ձեւավորել էներգետիկայի ոլորտի հայ մասնագետների նախաձեռնող համայնք՝ նպաստելու մեր երկրի էներգետիկ ոլորտի անվտանգությանը, թափանցիկությանը, ինքնաբավությանը, հասանելիությանը եւ կայունությանը։

Հայկ Օհանյանն ավարտել է Մոսկվայի Կառավարման պետական համալսարանը՝ միջազգային վառելիքի եւ էներգետիկայի բիզնես մասնագիտացմամբ, ապա սովորել է ասպիրանտուրայում՝ զուգահեռաբար Նավթի ֆրանսիական համալարսարանում (IFP School ) եւ Նավթի ու գազի ռուսական պետական համալսարանում։ Այս պահին նա աշխատում է որպես փորձագետ՝ Ռոսնեֆտի դուստր ձեռնարկություններից մեկում նավթավերամշակման գործարանների գործառնական արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ․ Հայկի պատասխանատվության տիրույթում են ՌԴ ողջ տարածքի նավթավերամշակման 14 գործարանների ֆինանսական արդյունավետության ցուցանիշները։ Վերջինս աշխատում է նաև ավստրիական խորհրդատվական և ինժեներական ընկերության ռուսական գրասենյակի հետ (ILF Consulting Engineers)՝ որպես խորհրդատու, ծրագրերի ղեկավար եւ բիզնեսի զարգացման մենեջեր՝ դաունսթրիմի (նավթի վերամշակում եւ նավթաքիմիա) ոլորտում, էներգետիկայի ոլորտի այլ նախագծերի շրջանակներում։ 

Իսկ որպես հոբբի՝ Նավթի ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ռուսական ակումբի հիմնադիրն ու ղեկավարն է, Ռուսաստանում Նավթի ֆրանսիական համալսարանի դեսպանը եւ Armenian Energy Professionals-ի՝ էներգետիկայի ոլորտի հայ մասնագետների հարթակի համահիմնադիրը (հարթակին միանալու համար՝ այստեղ եւ այստեղ): 

Հայ ֆրիլանսերների հարթակ՝ ամենատարբեր մասնագետների համար

Մի քանի տարի առաջ Հայկի մոտ գաղափար առացավ ստեղծել Հայ ֆրիլանսերների հարթակը։ Սա մի հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր ու վճարվող կամ կամավորական առաջադրանքներ կան, իսկ նախագծի առաքելությունը հաջող, արդյունավետ և հարմարավետ գործարար հարաբերություններ ձևավորելն է՝ ամբողջ աշխարհում հայկական բիզնեսի և հայ մասնագետների միջեւ:

Նման հարթակ ստեղծելու միտքն առաջ եկավ 2018 թվականին, երբ Հայկը պատրաստվում էր հայր դառնալ ու ակտիվորեն փորձում էր գործարար կապեր հաստատել Հայաստանում եւ Արցախում․

«Երբ ես ու կինս երեխայի էինք սպասում, ես սկսեցի վերաիմաստավորել իմ հայ լինելը, հետագայում՝ որդուս հայ լինելը, մեր կապերը Հայաստանի ու Արցախի հետ։ Ցանկություն կար փոխակերպել պատմական հայրենիքի նկատմամբ սուբյեկտիվ սերը (որը շատ երերուն էր և առավել կոնկրետ փաստերի ֆոնին հակված էր հարթեցման) առավել շոշափելի, առավել կայուն մի բանի։ Այդ ժամանակ ես աճի լուրջ կետեր հայտնաբերեցի գործարար մշակույթում՝ հայ բիզնեսմենների եւ հայկական պետական կառույցների հետ հնարավոր շփումներում։ 2019-ին անցա «իԳործ» ծրագրի ընտրության փուլը, բայց չստացվեց, քանի որ ես փնտրում էի ճկուն ուղիներ՝ իմ եւ ընտանիքիս համար հասկանալի հեռանկարով կապեր հաստատելու համար, ինչը, ցավոք, այս ծրագրի շրջանակներում չգտա։ Բայց սա նախապատմության մի կողմն է»։

Մյուս կողմից, ինչպես Infocom-ին պատմում է Հայկը, ավստրիական խորհրդատվական և ինժեներական ընկերության ռուսական գրասենյակի հետ իրականացվող (ILF Consulting Engineers) մի ծրագրի համար իր թիմին անհրաժեշտ էր բարձր որակավորում ունեցող նավթավերամշակման մասնագետ․ 

«Ես մտածեցի՝ ընտիր կլիներ գտնել հայկական արմատներով մասնագետի՝ ասենք, Հյուստոնում կամ Մարսելում։ Բայց Ֆեյսբուքով ու Լինկդինով գտնելու փորձերը արդյունք չտվեցին։ Այդ ժամանակ մտածեցի, որ հրաշալի կլիներ ունենալ մի հարթակ, որտեղ հայերն ու ողջ աշխարհից մեր ընկերներն իրենց ծրագրերի համար կարողանային փնտրել մասնագետների, նաեւ ծրագրեր ու առաջադրանքներ՝ իրենց հետաքրքրությունների շրջանակում»։

Քանի որ սա առավել շատ ՏՏ ոլորտի ծրագիր է, իսկ Հայկը դրա մասնագետը չէ, հարթակը միայնակ զարգացնելն ավելի դժվար է․

«Ուստի մեզ պետք են կոմպետենտ մասնագետներ՝ ՏՏ ստարտափերում նախագծերի կառավարման, դրամահավաքի ոլորտում։ Կարելի է ասել, որ կարիքների գնահատումն արդեն կատարված է, այժմ պետք է անցնել զարգացման հաջորդ փուլին։ Իմ պատկերացմամբ՝ դա պետք է լինի պարզ կայք՝  պոտենցիալ ֆրիլանսերների եւ գործատուների համար հարցաթերթիկներով կամ առաջադրանքներով։ Բայց կարող են լինել նաեւ այլ տարբերակներ»,- ասում է Հայկն ու բոլորին հրավիրում միանալ հարթակին՝ որպես մասնագետներ եւ պատվիրատուներ։ Իսկ ովքեր ցանկություն կունենան աջակցել ծրագրի զարգացմանը, հարթակի հիմնադրի հետ կարող են կապ հաստատել Ֆեյսբուքով կամ Լինկդինով․ մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ինքն այս առումով կատարելապես բաց է ցանկացած առաջարկի համար։

Armenian Freelance Network-ը՝ հայ ֆրիլանսերների հարթակը, ֆեյսբուքյան տիրույթում ունի տարբեր մասնագիտություններով մոտ 700 մասնակից՝ շուրջ ինը երկրից։

«Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» ծրագրի հիմնումը

Հետագայում Ջրային հարցերով եվրոպական երիտասարդական խորհրդարանի նախագահ (European Youth Parliament for Water–EYPW), Համաշխարհային էներգետիկ խորհրդի Էներգետիկայի ապագա առաջնորդ Հասմիկ Բարսեղյանը Հայկին առաջարկեց միասին ստեղծել National Future Energy Leaders Armenia-ն՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդի հովանու ներքո։

«Ի դեպ, այս պահին նման նախաձեռնություն կա միայն 15 երկրում՝ Հայաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Նիդերլանդներում, Լատվիայում, Լիբանանում, Նիգերիայում, Պանամայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում,  Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ակնհայտ է, որ նման երկրների կողքին հայտնվելը հեղինակության զգալի առավելություն է, բացի դրանից՝ սա հնարավորություն է տալիս բարձրացնել Հայաստանի ու Արցախի համար ակտուալ հարցեր՝ էներգետիկայի ոլորտում նման կարեւոր հարթակում»,- նկատում է մեր զրուցակիցը՝ թվարկելով NFEL Armenia-ի հիմնական առաջնահերթությունները՝  կրթություն, արդյունավետ համագործակցություն, Հայաստանի եւ Արցախի էներգետիկային առնչվող կարեւոր որոշումներին մասնակցություն ու միջազգային համագործակցություն։

NFEL Armenia-ի նպատակներում Հայկն առանձնացնում է նախ Հայաստանում եւ Արցախում էներգետիկ ոլորտի տեղական մասնագետների պատրաստմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը, ապա նաեւ էներգետիկ ոլորտում հայ մասնագետների ցանցի ստեղծումը։ Ի թիվս սրանց՝ մեր զրուցակիցը կարեւոր է համարում նաեւ սերունդների միջեւ երկխոսության եւ գիտելիքների փոխանակման խթանումն ու տեղական մակարդակում որոշումների կայացմանը, նաեւ քաղաքականությանը եւ կարգավորող մեխանիզմներին աջակցելը։ Ծրագիրը նպատակ ունի նաեւ խթանել մեր երկրում էներգետիկ ոլորտի թափանցիկությանը։ Այն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում նոր հնարավորություններ կստեղծի հայ մասնագետների համար։

Նախաձեռնության զարգացման ակտիվ փուլն այս տարվա մայիսին է սկսվել։ Ստեղծման պահից ծրագրի հիմնադիրները համագործակցել են «Ապագա հայկականը» շարժման հետ, քանի որ իրենց առաջնահերթությունները հիմնականում համընկել են՝ ստեղծելով բավականին արդյունավետ տանդեմ։ 

«Մենք «Ապագա հայկականը» նախաձեռնության նպատակներից երկրորդի շրջանակում («Ինքիշխանության» երաշխիք) դարձանք էներգետիկ անվտանգության թեմայով միջնորդը։ Ընթացիկ պահին անցկացրել ենք ընդհանուր առմամբ տասը բաց եւ փակ քննարկում, մեր եւ, հույս ունեմ, լսարանի համար ձեւավորել ենք ավելի կոնկրետ եւ օբյեկտիվ ընկալում Հայաստանի եւ Արցախի էներգետիկ ոլորտի ընթացիկ վիճակի եւ խնդիրների մասին, բացահայտել NFEL Armenia-ի առաջնահերթությունները՝ զարգացման հետագա քայլերի համար։ Բաց հասանելիությամբ դրված մեր տեսանյութերն ընդհանուր առմամբ ունեցել են մոտ 350 000 դիտում, ինչն արդեն ինքնին կարելի է համարել ոչ վատ արդյունք՝ նոր նախաձեռնության համար, բացի դրանից, սա նշան է այն բանի, որ բարձրացված խնդիրները հետաքրքրում են լսարանին»։

Չնայած դրան՝ Հայկը կարծում է, որ NFEL Armenia-ն դեռեւս ձեւավորման փուլում է։ Ըստ նրա՝ այսպիսի ոչ կոմերցիոն նախաձեռնությունները հասունացման ու կայացման բավականին երկար գործընթաց են պահանջում․

«Օրինակ, ինձ գրեթե երեք տարի էր հարկավոր՝ ստաբիլ, աշխատող եւ արդյունավետ ակումբ ձեւավորելու համար․ խոսքը Նավթի ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ռուսական ակումբի մասին է։ Այժմ դրանում ներգրավված են ոլորտի 140 հրաշալի մասնագետներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ցավոք, ես դա ստիպված էի անել միայնակ։ Շատ դժվար է գտնել նախաձեռնող համախոհներ, որոնք պատրաստ են ժամանակ ծախսել ծրագրի վրա՝ իրենց համար անհայտ արդյունքով, որտեղ չկա բացահայտ շահույթ կամ կարիերային աճ։ Բարեբախտաբար, NFEL Armenia-ի եւ «Էներգետիկայի հայ մասնագետների» հարցում իմ բախտն ավելի բերեց»։

Այս պահին NFEL Armenia-ին միանալու քսան հայտ կա, եւ «Էներգետիկայի հայ մասնագետներ» հարթակի շուրջ հարյուր մասնակից՝ ներառյալ ոլորտի մի շարք նշանավոր մասնագետներ Հայաստանից եւ Արցախից։ Հայկ Օհանյանն ասում է՝ դեռ ավելի շատ աշխատանք է սպասվում այս միությունը ամրապնդելու եւ զարգացնելու համար։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Հայաստանի էներգետիկայի ապագա առաջնորդներ» երիտասարդ հիմնադիրների շրջանում բազմաթիվ գաղափարներ եւ մտքեր կան կարողությունների զարգացման առումով՝ սկսած ոլորտի փորձագետների հետ կանոնավոր վեբինարների կազմակերպումից, վերջացրած արտասահմանյան լավագույն ոլորտային կրթական հաստատություններում շարունակական վերապատրաստումով եւ պրակտիկայի կազմակերպմամբ, Հայաստանի ներսում եւ դրա սահմաններից դուրս տարբեր ձեռնարկություններով, էքսկուրսաիներով։ Սա, Հայկի համոզմամբ, շատ աշխատատար գործ է․ «Մենք բաց ենք համագործակցության ցանկացած առաջարկի համար։ Եւ քանի որ մարդկային ռեսուրսն ամենաարժեքավորն է, մենք աշխատում ենք դրա զարգացման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ ինքներս զգալով, որ գլխովին առաջխաղացման համար որոշակի բաց ունենք մարդկային ռեսուրսների տեսանկյունից»։

Մեր զրուցակիցը պատմում է, որ մի փոքր խմբով հավաքում, քննարկում են ապագա ծրագրերն ու անելիքները։ Խումբը պատերազմի շրջանում ձեւավորել է մոսկովյան մեր սփյուռքի մի երիտասարդ նախաձեռնող՝ Հայկ Մանուկյանը․ մասնակիցներն այդ շրջանում հանդիպում, քննարկում էին իրենց նկատառումները՝ ինչպես Հայաստանի, Արցախի, Սփյուռքի մասին, այնպես էլ փոխանակվում ակտուալ գաղափարներով ու ծրագրերով․

«Վերջերս ես այս նախաձեռնության մեջ ներգրավեցի նաեւ իմ մյուս ընկերներին ու ծանոթներին, սկսեցի փորձել որոշակի կարգավորումներ ու կառուցվածքայնություն սահմանել՝ թիմակիցների աջակցությամբ։ Սա ամբողջությամբ պարիտետային (այլ կերպ՝ հավասարիրավություն,-հեղ․) կառույց է, եթե այն կարելի է այդպես ասել, որտեղ բոլորը բացարձակ հավասար են։ Ամեն դեպքում, ես ձգտում եմ հենց այդպիսի ձեւաչափ ստեղծել։ Բայց, ընդհանուր առմամբ, արդեն հաջողվել է մի քանի տղաների համախմբել համատեղ նախագծերի եւ գաղափարների շուրջ։ Նրանցից շատերը եկել էին հոկտեմբերի 17-ին Մոսկվայում կայացած The FA-ի ռազմավարական նստաշրջանին՝ իրենց ներդրումը բերելով The FA-ի գաղափարների զարգացմանը»։

Հայկը մեր զրույցում պատմում է, այս ամենն անում է, քանի որ զգում է Սփյուռքի իսկապես աշխատող կառույցի պակասը։ Նա մեջբերում է ИА Реалист միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի խոսքերն այն մասին, որ Սփյուռքում համագործակցող համախոհների փոքրաթիվ, ճկուն, դինամիկ, արդյունավետ խմբերի համախոհները, որ ավելի հեռանկարային ձեւաչափ են՝ որպես սփյուռքյան նորացված կառույցներ, լրացուցիչ խթան հանդիսացան այս ձեւաչափի համար։ 

«Ի դեպ, վերջին հանդիպումներից մեկին մենք հրավիրել էինք Ռուսաստանի հայերի միության համանախագահ Դավիթ Տոնոյանին, որն այս ձեւաչափին իր աջակցությունը հայտնեց։ Իսկ նա Ռուսաստանում հայկական սփյուռքի նախաձեռնությունների հետ աշխատանքի բավականին զգալի փորձ ունի»,- եզրափակում է Հայկ Օհանյանը՝ հիշեցնելով, որ NFEL Armenia-ին միանալու համար բոլոր ցանկացողները կարող են լրացնել հայտը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել