Ադրբեջանը խոչընդոտում է, բայց չեմ կարծում՝ համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան |tert.am|
13:34 - 19 հունվարի, 2022

Ադրբեջանը խոչընդոտում է, բայց չեմ կարծում՝ համանախագահները տեղի կտան շանտաժին, մի օր պետք է այցելեն տարածաշրջան. Բաբայան |tert.am|

tert.am: 2021թ-ը յուրահատուկ տարի է մեր երկրի համար, որովհետև այն ծանր արհավիրքից, երրորդ Արցախյան պատերազմից ապաքինվելու ժամանակահատված էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, ամփոփելով 2021թ-ի Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գործունեությունը և կատարած աշխատանքները, ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մեր ավանդական հարցերը շարունակում են մնալ նույնը, դա հակամարտության կարգավորումն է, երկկողմ հարաբերությունների զարգացումը, Սփյուռքի գաղթօջախների հետ կապերի ամրապնդումը և այլն։ Դրանց գումարվել է մեզ համար նոր առաջադրանք, դա մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ Արցախը  կա և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը»,-ասաց նա։

Նախարարը ներկայացրեց, թե ինչ հիմնական աշխատանքներ է իրականացնելու ԱԳՆ-ն 2022թ-ին։

«Ադրբեջանա-ղարաբաղյան կարգավորումը եղել է և կմնա մեր կարևորագույն առաջադրանքներից մեկը։ 2020թ-ից հետո առավել կարևոր է դարձել մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Վարելու ենք նախաձեռնողական, համարձակ և թիրախային քաղաքականություն, միաժամանակ զուսպ, գովազդից զուրկ, տեղեկատվական բաղադրիչով արտաքին քաղաքականություն։ Մենք որդեգրել ենք շատ գործելու, քիչ խոսելու քաղաքականություն»,-ասաց նա։

Անդրադառնալով պատերազմից հետո միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախ չայցելելուն՝ Բաբայանը շեշտեց. «Բավականին երկար ժամանակ է, նրանք չեն այցելում Արցախ, վերջին անգամ այցելել են 2019թ-ի վերջին։ Դրանից հետո եղավ համաճարակ, պատերազմ, որոնք սակայն տեխնիկական խոչընդոտներ են։ Առավել կարևոր խոչընդոտ Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցելությունը տարածաշրջան։ Գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել ԱՀ նախագահի և ՌԴ նորանշանակ համանախագահի հետ, ես նույնպես մասնակցել եմ այդ հանդիպմանը։ Մենք սա բարձր ենք գնահատում։ Անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ։ Մի օր պետք է լինի նրանց այցելությունը տարածաշրջան, մանավանդ, որ իրենք ուզում ենք։ Վերջերս տեսանք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը և ըստ այդ տրամաբանության Մինսկի խումբը պետք է փակվի, բայց չեմ կարծում, որ համախաագահող երկրները տեղի կտան այդ շանտաժին»,- ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել