Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|
14:21 - 22 փետրվարի, 2022

Արցախի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը իր անկախ պետականության ճանաչման համար․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝  Արցախի Հանրապետությունը, բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-եւ  ԼԺՀ-ի անկախության ճանաչումը։ Այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այդ մասին արդեն եղել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդների ինքնորոշման, նոր պետությունների ստեղծման գործընթացն անխուսափելի է։ Հատկապես այս կամ այն ժողովրդի՝ էքզիստենցիալ սպառնալիքների գոյության պայմաններում։  Արցախի Հանրապետությունը մի երկիր է, որը պայքարում է իր անվտանգ ապագայի համար արդեն ավելի քան հարյուր տարի։ Մենք հասկանում ենք անկախության հասնելու եւ դրա ճանապարհի իրավաբանական ու աշխարհաքաղաքական ձեւակերպման կարեւորությունը. հակառակ ճանապարհ այն ժողովուրդների համար, որոնք կանգնել են անկախության ձեռքբերման ուղու վրա եւ կառուցել ժողովրդավարական պետություններ՝ շատ հարցերում առաջ անցնելով նախկին «մետրոպոլիաներից», չկա, եւ նրանք անպայման պետք է ճանաչվեն։

Այո, պատմության մեջ կան դեպքեր, երբ դե ֆակտո անկախություն են ստացել այն երկրները, որոնք չեն կարողացել պետություն կառուցել, եւ քաոսի եւ  կամայականության  խորխորատում են հայտնվել։ Բայց երբ ժողովուրդն արդյունավետ աշխատող, քաղաքակիրթ չափանիշներին համապատասխանող կառավարման ատրիբուտներով պետություն է կառուցել, թեկուզ  չճանաչված, նման պետությունների համար հետադարձ ճանապարհ լինել չի կարող։  Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը պատմական իրադարձություն է, որը պետք է ընկալվի նաեւ որպես Ուկրաինայի աշխարհաքաղաքական ճգնաժամը կանխելու լուրջ փորձ։

Արցախի Հանրապետությունը նույնպես ունի իր անկախ պետականության ճանաչման բոլոր հիմքերը։ Սրանք ե ՛ւ պատմական, ե ՛ւ իրավական, ե ՛ւ բարոյական, ե ՛ւ  բարոյագիտական հիմքեր են։

Ընդ որում, մենք գործնականում ապացուցեցինք, որ կառուցել ենք ժողովրդավարական պետություն, որն իր ժողովրդավարական զարգացմամբ շատ ավելի առաջ է Ադրբեջանից։ Ուստի մենք կարծում ենք, որ մենք էլ պետք է ճանաչվենք միջազգային հանրության կողմից։

Եվ մենք կրկին հայտարարում ենք, որ երբեք չենք լինի Ադրբեջան պետության մի մասը, որտեղ մեզ մահացու վտանգ է սպառնում։ Մենք երբեք չենք լինի մի երկրի մի մասը, որտեղ ցեղասպանությունը ազգային քաղաքականություն եւ ռազմավարություն է, իսկ հայատյացությունը պետականաշինության փիլիսոփայություն է։

Մենք Դոնբասի ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք ենք մաղթում», - հայտարարեց  Դավիթ Բաբայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել