Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza
17:13 - 09 մարտի, 2022

Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ժամկետային և պահուստային զինծառայողները չեն ուղարկվելու Ուկրաինա։ «Մեր առջև դրված խնդիրները կատարում են միայն արհեստավարժ զինվորականները», - ասել էր նա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողությանը» մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողներ։

Սակայն ռուսական Meduza պարբերականը պնդում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի տրամադրում գերեվարված ռուսաստանցի զինվորականների մասին, սակայն հարազատները նրանց տեսնում են տեսանյութերում, որոնք սկսել են հայտնվել համացանցում։ Այդ տեսանյութերից մեկում ռուս զինծառայող Դամուր Մուստֆաևը պատմում է, որ զորավարժությունների փոխարեն իրեն ու իր ծառայակիցներին «խաբեությամբ» ուղարկել են Ուկրաինա կռվելու։ Չեռնիգովի շրջանի տարածքում տանկը, որում գտնվել է Մոստաֆաևը, փչացել է, տանկերի շարասյունը նրան մենակ է թողել։ Մուստաֆաևը գնացել է ծառայակիցներին փնտրելու և գերեվարվել է։ Meduza-ն խոսել է Մուստաֆաևի հոր հետ։ Նա պատմել է, որ իր որդին ժամկետային զինծառայող է։

Սոբիրժոն Մուստաֆաև, գերեվարված ժամկետային զինծառայող Դամուր Մուստաֆաևի հայրը

«Որդիս զորակոչվել է 2021 թ-ին։ Նա չէր ուզում ռազմական կարիերա անել։ Նրան երկու կամ երեք անգամ [չեն զորակոչել]․ արյան հետ կապված խնդիրներ ուներ։ Բայց դեղեր էր խմում։ Անցյալ տարի կանչեցին։ «Կարող ես ծառայել», - ասացին։ Արդյունքում՝ ուղարկեցին Չիտայի մերձակայքում ծառայելու, վարորդ-մեխանիկի վերապատրաստում է անցել։ Այնուհետև՝ Նարո-Ֆոմինսկ։ Կարծես, հետո նրանք սկսել են մասնակցել զորավարժությունների։ Նրանց ուղարկում էին Վորոնեժ, Բելգորոդի և Կուրսկի շրջաններ։ Նրա հետ հեռախոսով եմ խոսել։ Վերջին անգամ՝ փետրվարի 22-ին։ Կարծես, ամեն ինչ նորմալ էր։ Եվ 24-ին էլ են հրաման ստացել, ասել են զորավարժությունների մեկնել»։

Դամուր Մուստաֆաևի մասնակցությամբ տեսանյութն առաջին անգամ հայտնվել է «Գտիր հարազատներիդ» Տելեգրամ-ալիքում․ այդտեղ ուկրաինական կողմը տվյալներ է տեղադրում գերեվարված ռուսաստանցի զինծառայողների մասին։ Հայտարարվում է, որ նախագիծը ստեղծվել է «Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչների կողից»։ Այս ալիքը Ռուսաստանում արգելափակված է։

«Նա իրոք ժամկետային զինծառայող է։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրանց մոտ։ Որդիս ասում էր, որ պայմանագիր չի ստորագրել։ Բայց ես զարմացած էի, որ նրանց փոխարեն կարող են ստորագրել կամ նման մի բան անել։ Նա ասում էր․ «Նրանք են մեզ գրանցել որպես պայմանագրայիններ»։ Այս մասին մենք խոսել ենք ամսի 22-ին։ Ես ասացի․ «Ինչպե՞ս կարող են նման բան անել [առանց ձեր ստորագրության]»։ Նա ասաց, որ դա պահանջում են։ Ասաց, որ ինքը չի ստորագրել։ Պահանջողը սպա է՝ ողջ գումարտակի, վաշտի, զորամասի հրամանատարը։ Չեմ հարցրել, թե կոնկրետ ով։

Այժմ, երբ նայում եմ տեսանյութը․․․ Գերի ընկածներից շատերն այդպես էլ ասում են, որ իրենց փոխարեն ստորագրել են։ Նրանք չեն իմացել, նրանց ասել են, որ զորավարժությունների են տանում, բայց նրանք հայտնվել են մարտի դաշտում։

Նրանց տանկը փչացել է։ Գիշերել են տանկում, հետո որոշել են ծառայակիցների մոտ գնալ։ Ճանապարհին հայտնվել են ճահճում, և նրանց գերեվարել են։

Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես նրան ազատեմ, ով էր մեղավոր։ Կարծես, մեր նախագահն ասում է, որ հրաման չկա ժամկետայիններին այնտեղ ուղարկելու և այնտեղ ժամկետայիններ ընդհանրապես չկան։

Ես իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես օգնեմ։ Ո՞վ էր ընդհանրապես սրա համար մեղավոր․․․

Ավագ որդուս ասել եմ, որ նա կապվի գերատեսչությունների հետ, գնա ու հարցուփորձ անի։ Ինքս չեմ կարողանում, ոտքերս ցավում են։ Չգիտեմ՝ դա փակ տեղեկություն է [որդու մասին], թե ոչ։

Փետրվարի 28-ին նա [գերեվարված որդին] ավագ որդուս հայտնել է, որ 27-ին գերի է ընկել։ Նրան գերությունից թույլ են տվել գրել եղբորը։ Նա չի ասել, թե երբ են իրեն ազատ արձակելու։ Որդիս ուրախացել է, որ կենդանի է։ Ասում է․ «Ինձ նրանք չեն ծեծում»։ Նրանց հագուստը թրջվել է ճահիճում, նրանց չոր հագուստ են տվել փոխվելու համար։

Նրան սպասում էինք այս տարվա հունիսին։ Եվ, ինչպես ասում են, միշտ ենք սպասում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել