Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը
15:10 - 21 մարտի, 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների ստորագրած համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան- խմբ․) համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։

Համաձայնեցվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների ընթացքը։

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել