Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
19:28 - 05 ապրիլի, 2022

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում 18։30 մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքի առաջնորդները Մատենադարանից երթով շարժվեցին Ազատության հրապարակ։

Հանրահավաքը մասնակիցները սկսեցին «Հայաստա՛ն, ոտքի, Արցա՛խ, ոտքի, հայ ա՛զգ ոտքի» կոչով։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ Արցախում վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հայելային հետքաշման գաղափարի պատճառով է, որ այսօր Արցախը այդ իրավիճակում է։

«Հիշեցնեմ, որ հայելային հետքաշման գաղափարը չէր վերաբերում միայն Արցախին, փաստացի վտանգի տակ է Սոթք-Խոզնավար հատվածը, ասել է թե Գեղարքունիքը, Վայոց ձորը, Սյունիքը, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրը, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայելային հետքաշման այդ գաղափարը»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ այդ գաղափարը տարածքների խաղաղ ձևով հանձնման քաղաքականության մի մաս են կազմում։ 

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ այսօր՝ ապրիլի 5-ին, լրանում է 2016 թվականի մարտական գործողությունների վեցերորդ տարին․

«Մարտական գործողություններից հետո ադրբեջանցիները հրադարար էին մուրում»,-ասաց Աբրահամյանը։ 

Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը ապրում է վերջին 100 տարվա իր ամենածանր օրերը և գտնվում է վերանալու շեմին․

«Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ու՞մ է խոստանում․ մե՞զ, ո՛չ։ Խոստանում է Ադրբեջանին և Թուրքիային, նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ նրանք ստիպված հաշվի կնստեն, այս խաղաղությամբ կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղությունը։ Այդ խաղաղությունը նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում, նշանակում է Սյունիքի ուզուրպացիա, այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան․այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Սա թուքրերի համար նշանակում է ցեղասպանությունը մարսելը․ մի բան, որի դեմ հարյուր տարի ամբողջ հայությունը, աշխարհը պայքարել է։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չէ»,- ասաց Վարդևանյանը՝ նշելով, որ ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։ 

Նշենք, որ հինգ ամսվա դադարից հետո ընդդիմության ներկայացուցիչները կրկին հանրահավաքի ձևաչափով ներկայացան այսօր։ «Հայաստան» դաշինքը վերջին անգամ հանրահավաք անկացրել էր 2021թվականի նոյեմբերի 8-ին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել